«Հայաստանի անկախության 20-ամյակի շքերթում զինվորները լավ քայլեցին, որովհետեւ նրանք մեր երեխաներն են ու ամեն ինչ էլ լավ են անում. զենքն ու զինամթերքն էլ լավն են, որովհետեւ դուք եք գնել ժողովուրդ ջան, ձեր գումարով»,- ՀԱԿ-ի այսօրվա` սեպտեմբերի 23-ի հանրահավաքում հայտարարեց «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը, հավելելով. «Իսկ նրանց (նկատի ունի իշխանավորներին- NEWS.am) երեխաները չեն քայլում, մանուկ հասակից վարում են»:
«Անցած շաբաթը տոնական շաբաթ էր, եւ իշխանությունները այդ տոնի մեջ մեզ վրա գրոհ էին սկսել, որ իրենք արդար են ազնիվ են, առավոտյան արշալույսի ցողն էլ ուսերին է: Մեղքս անգամ եկան, բայց չհավատացի: Ցույց տվեցին Մատենադարանի նոր մասնաշենքը, շատ լավն էր, բայց այնպես ներկայացրին, թե Սերժ Սարգսյանն այդ գումարները իր ծնողներից է ժառանգել: Եթե քիչ լափեին, գրադարանների շենքեր էլ կարելի էր սարքել, թոշակներն էլ բարձրացնել:
Ու ճիշտ ենք անում, որ չենք հավատում այս իշխանությունների անկեղծությանը:
Այս իշխանություններին մեր մեկնած ձեռքը մերժվեց: Մենք ամեն ինչ արեցինք, որ հասկացնենք, դարձի բերենք, բայց իրենք չհասկացան: Մենք լավին լավ ենք ասում, վատին` վատ: Մենք աբիժնիկ չենք, աբիժնիկն իրենք են, որ նեղացել են այս ժողովրդից, որ կառչել են իրենց աթոռներից ու չեն ուզում հեռանալ»,- հայտարարեց ընդդիմադիր գործիչը:
Իր հերթին, ՀԺԿ նախագահ Ստեփան դեմիրճյանն ասաց, որ մարդիկ երկիրը շարունակում են լքել, որովհետեւ չեն տեսնում հեռանկար, որովհետեւ երկիրը մի խումբ մարդկանց կողմից սեփականաշնորհվել է:
«Այս ամենը հանդուրժել հնարավոր չէ, այս ամենի վերջը պետք է տրվի, եւ պետք է սկսել նոր ազատ ու արդար ընտրությունների անցկացումից:
Քանի դեռ երկրում բարգավաճում է քրեաօլիգարխիկ համակարգը, ավելի են խորանալու դեգրադացիոն պրոցեսները: Պարզապես ամոթ է, որ 20 տարի անց մեր երկրում նորմալ ընտրություններ չեն անցկացվում:
Հիմա էլ նոր հայտնագործություն են արել, թե ընդդիմությունը չի ընդունում ընտրությունների արդյունքները, դրա համար էլ հնարավոր չէ նորմալ ընտրություններ անցկացնել: Ակնհայտ է, որ մենք մեր նպատակներին կհասնենք ոչ թե երկխոսության, այլ հասարակական ճնշման միջոցով: Արդար ընտրությունները պետք է պարտադրվեն: Հայաստանի քաղաքացին հաղթելու է Հայաստանի համար մղվող պայքարում»,- ամփոփել է նա:
Տեսանյութը՝ Արսեն Սարգսյանի











