Ավազակային հարձակման մեջ կասկածվող անձանց խմբի բերման ենթարկելու գործողությունը, որ իրականացվել է սեպտեմբերի 23-ի վաղ առավոտյան Երեւանի հյուսիսում, անցել է ըստ նախատեսված պլանի: Այդ մասին Հանրային հեռուստատեսության եթերում հայտարարել է Ոստիկանության պետի առաջին տեղկալ Հունան Պողոսյանը՝ հավելելով, որ, ըստ ստացված օպերատիվ տվյալների, հանցախումբը ծրագրում էր նոր հանցագործություն կատարել, ինչը կանխվել է ոստիկանության ձեռնարկած միջոցառումների արդյունքում:
Պողոսյանի խոսքով, ոստիկաններին դիմադրություն ցույց տված կասկածյալներից մեկը փախուստի փորձի ժամանակ ընկել է ժայռից եւ մահացել: Նա նաեւ նշեց, թե լուրերը, որ բերման ենթարկվածների մեջ կան բարձրաստիճան պաշտոնյաների որդիներ, չեն համապատասխանում իրականությանը: «Միջոցառումների շրջանակներում, որոնց նպատակն էր պարզել մի քանի մեքենաների սեփականատերերի ինքնությունը, ոստիկանություն բերման է ենթարկվել բարձրաստիճան մի անձի որդին»,- ասել է Պողոսյանը՝ հավելելով, թե դրանից չի բխում, որ հանցագործները փորձել են թաքնվել նրա մեքենայով:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, վազակախմբի վնասազերծման գործողությունն իրականացվել է Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից: Գործողությունն իրականացվել է մի քանի ուղղություններով, որի արդյունքում բերման է ենթարկվել 13 անձ: Բերման ենթարկվածների մեջ շրջանառվում է ՀՔԾ պետի տեղակալ Մարսել Մաթեւոսյանի որդու անունը, ըստ գլխավոր դատախազության` վերջինիս ավելի ուշ են բերման ենթարկել, երբ ստուգում էին ինչ-որ մեքենայի պատկանելության հարցը:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 2-րդ մասով (Վտանգավոր բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ) եւ 235 հոդվածի (Ապօրինի զենք-զինամթերք) հատկանիշներով:











