ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանի գնահատմամբ՝ ադրբեջանցիների վերջին գործողությունները արցախցիների նկատմամբ Արցախը հայաթափելու հերթական քայլն է։

«Սա շարունակությունն է այն քաղաքականության, որը Ադրբեջանի իշխանությունները վարում են Լեռնային Ղարաբաղի հայության նկատմամբ՝ սկսած դեկտեբերի 12-ից, երբ փակվեց Լաչինի միջանցքը։ Այո, սա էթնիկ զտման տարրեր է պարունակում ԼՂ հայության  նկատմամբ»,- այսօր՝ ապրիլի 6-ին, լրագրողների հետ զրույցում ասաց նա։

Խանդանյանն ասաց, թե այս հարցը բարձրացնում են միջազգային բոլոր գործընկերների մոտ։

Հիշեցնենք՝ Ադրբեջանը խախտել էր ՌԴ խաղաղապահ զորակազմի հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածությունը և արգելել Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Հայաստանում մնացած մի խումբ արցախցիների վերադարձը  Ստեփանակերտ։

Շուշիի հատվածում՝ Գորիս-Ստեփանակերտ մայրուղու արգելափակված մասում, «էկոակտիվիստ» ձևացող ադրբեջանցիները արգելափակել էին քաղաքացիական անձանց տեղափոխող ռուսական խաղաղապահ ուժերի մեքենաների անցումը, ինչի հետևանքով քաղաքացիները այդ հատվածում էին մնացել շուրջ 5 ժամ։

Ադրբեջանցիները ներխուժել էին սպասող մեքենաներից մեկը, ինչի հետևանքով քաղաքացիներից 4-ի ինքնազգացողությունը վատացել էր, նրանցից 3-ը ուշաթափվել էին։ Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ նրանք տեղափոխվել էին Ստեփանակերտի բժշկական կենտրոն։