Բանակցությունները, պայմանավորվածությունները կաշխատեն այն ժամանակ, երբ մյուս կողմը կիմանա, որ իրավունք չունի խախտելու պայմանավորվածությունները։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութում ասել է Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։

 Հարցին, թե արդյոք հնարավոր կլինի բանակցություններով կարգավորել Արցախի հիմնախնդիրը, թե պետք է անպայման պատերազմել՝ Վարդանյանը նշել է՝ միշտ եղել է այն կարծիքին, որ ամենածանր, ամենադժվար բանակցություններն ավելի լավ են, քան՝ պատերազմը:

«Վստահ եմ, որ բանակցությունների միջոցով կարող ենք հասնել մեր նպատակին, բայց, միևնույն ժամանակ, նայելով պատմության էջերը, ես վստահ եմ՝ եթե ուժեղ չլինենք, եթե մենք պատրաստ չլինենք պատերազմի, եթե մեր ոգին և կամքը չցուցաբերենք թշնամուն, ոչ մի բանակցություն հաջողության չի հասնելու: Ավելին՝ բանակցությունները, պայմանավորվածությունները կաշխատեն միայն այն ժամանակ, երբ մյուս կողմը միշտ կիմանա, որ իրենք իրավունք չունի խախտելու մեր պայմանավորվածությունները», - նշել է Վարդանյանը:

Վարդանյանը հիշեցրել է, որ կան բազմաթիվ օրինակներ, երբ հզոր պետությունների միջև կնքված խաղաղության պայմանագրից ամիսներ կամ տարիներ անց մեծ պատերազմ է սկսվել։ 

Նրա խոսքով՝ այժմ մենք նույն վիճակում ենք. «Եթե ուզում ենք, որ մեզ համար ընդունելի պայմանավորվածությունները պահպանվեն երկար ժամանակ, ապա պետք է ուժեղ լինենք ու միշտ պատրաստ պատերազմին։Վստահ եմ՝ այդ ուժը մեզ հնարավորություն կտա խուսափել պատերազմից»: