ՀԱՊԿ-ն Կրեմլի մասնաճյուղը չէ։ Դա բազմազգ կազմակերպություն է, որի մեջ մտնում է վեց երկիր, որոնցից երկուսն Ադրբեջանի հանդեպ շատ ավելի բարեկամաբար են տրամադրված, քան Հայաստանի։ Այս մասին NEWS.am-ի «Ուժի գործոն» հաղորդման ժամանակ ասել է ռուս սոցիոլոգ, միջազգայնագետ Ալեքսեյ Տոկարեւը՝ պատասխանելով ՀԱՊԿ-ից Հայաստանի ունեցած պահանջների հարցին։

«Այդպես լինում է մեծ կազմակերպություններում։ Օրինակ, ՆԱՏՕ-ում են Թուրքիան եւ Հունաստանը, որոնց հարաբերությունները նույնպես այնքան էլ լավ չեն։ Կամ՝ Թուրքիան շատ երկար արգելափակում էր Ֆինլանդիային եւ Շվեդիային։ Ֆինլանդիային ընդունեցին, Շվեդիային մինչեւ այժմ չեն ընդունել, որովհետեւ Ռեջեփ Թայիփ Էրդողանը եւ, առհասարակ, Թուրքիան կարծում է, որ Շվեդիան հովանավորում եւ թաքցնում է քուրդ ահաբեկիչներին։

Կան խնդիրներ կազմակերպություններում, բայց, հավանաբար, տարօրինակ կլիներ պահանջներ ներկայացնել Վաշինգտոնին, որ այ, այստեղ, «մատը չի չրխկացրել» եւ «չի սեղմել» Էրդողանին»,- ասել է ռուս միջազգայնագետը։

Նրա խոսքով, չգիտես ինչու խոսելով այլ կազմակերպությունների մասին՝ կա այն ըմբռնումը, որ նրանք «մատները չեն չրխկացնում»։

«Բայց ինչո՞ւ Ռուսաստանը կարող եւ եւ պետք է «չրխկացնի»։ Ինչպե՞ս եք պատկերացնում։ Նախագահ Պուտինը զանգահարում է նախագահ Տոկաեւին եւ պարզապես «մատները չրխկացնում» ու ասում է. «Շտապ Ադրբեջանի ագրեսիան դատապարտող հայտարարությո՞ւն ընդունենք»։ Ախր, միջազգային քաղաքականությունն այսպես չի աշխատում։ Ես պարզ թեզիս ունեմ. Հայաստանը դեսպանություններ ունի ե՛ւ Ղրղըզստանում ե՛ւ Ղազախստանում, ե՛ւ Տաջիկստանում։ Հավանաբար, այդ դեսպանություններն աշխատում են։ Ես կարծում եմ, որ այնտեղ բարձր պրոֆեսիոնալ դիվանագետներ կան... Նրանք, հավանաբար, այդ երկրների դիրքորոշումն են արտահայտում, որ իրենք պատրաստ չեն միանալ ինքնիշխան հայկական տարածքի դեմ Ադրբեջանի ագրեսիան դատապարտող հայտարարությանը»,- ընդգծել է Ալեքսեյ Տոկարեւը։

Նա ավելացրել է, որ ՀԱՊԿ-ի մասին խոսելիս Ռուսաստանն է հասկացվում, բայց եւ այնպես, ՀԱՊԿ-ն ռուսական իշխանության մասնաճյուղը չէ։

«Դա ստորաբաժանում չէ, որտեղ նախագահի աշխատակազմի ղեկավարը կարող է զանգահարել եւ ասել, թե ինչ անեն... Ինչո՞ւ եք դուք բոլորդ ինձ հարցնում, թե ինչու ՀԱՊԿ-ն չի արձագանքել»,- դիմել է նա NEWS.am-ի «Ուժի գործոն» հաղորդման վարող Հայկ Սահակյանին։