Երիտասարդ որմզդեղնը, կեր փնտրելով ձյան մեջ, Ալյասկայի Փրովիդենսի բժշկական համալիրի նախասրահում նկատել է կանաչ բույսեր եւ որոշել մտնել այնտեղ ու համտեսել դրանք, գրել է The Associated Press-ը։
Հիվանդանոցի անվտանգության գծով տնօրեն Ռենդի Հյուզի խոսքով՝ որմզդեղնը «գործի է դրել» շենքի դռների ձայն արձակող սարքերը, որոնք գտնվում են հիվանդանոցի ուռուցքաբանական կենտրոնում եւ բժշկական այլ աշխատասենյակներում։
Հյուզի կարծիքով՝ սա այն նույն որմզդեղնն է, որը թափառում էր ուսանողական քաղաքում։ Եվ չնայած որմզդեղնները սովորական բան են Ալյասկայում, նրանք ներքին կապով տեղեկացրել են, որ հիվանդանոցում կենդանի կա՝ անվտանգության նկատառումներից ելնելով։
Անվտանգության ծառայության աշխատակիցները կիսաշրջան են կազմել, որպեսզի կենդանուն անկյուն քշեն եւ դուրս հանեն դռնով։ Մի սպա անգամ բույսով հրապուրել է կենդանուն եւ փորձել նրան «դուրս հրավիրել»։
Որմզդեղնը դուրս է եկել շենքից, բայց մի քիչ թափառել է շրջակայքում՝ շենքի մյուս կողմն անցնելուց առաջ, որպեսզի հանգստանա ճաշից հետո։
Առաջին դեպքը չէ, երբ որմզդեղնը մտնում է հիվանդանոցային համալիրի շենքերից մեկը, իսկ արջերն արդեն մինչ այդ փորձել էին թափանցել անհետաձգելի օգնության բաժանմունք։











