Անվտանգությունը շատ մեծ խնդիր է մեզ համար, եւ այդ խնդիրը պետք է քայլ-քայլ լուծել. դա մեր ամենամեծ պրոբլեմն է, որը մեր ամենօրյա օրակարգի խնդիր է: Այս մասին նախօրեին Վայոց Ձորի Չիվա բնակավայրում բնակիչների հետ զրույցում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Բոլոր բարդությունները գիտեք՝ եւ անցյալի, եւ ներկայի: Տեսնում եք՝ աշխարհը փոթորկված օվկիանոսի է նմանվել, որտեղ մեծ պետությունները պրոբլեմ ունեն, պատկերացրեք, թե փոքրերն ինչքան կունենան:  Մեր խնդիրն է հնարավորինս արագ տեւական խաղաղություն հաստատել մեր տարածաշրջանում: Դա էլ հեշտ չի, որովհետեւ մենք խաղաղության մեր պատկերացումներն ունենք, որն ուրիշնեռրի պատկերացումների հետ չի համընկնում: Բայց սա մեզ չի խանգարում, որ ամեն ինչ անենք հետեւողականորեն այդ ճանապարհով  գնալու համար:

Այսօր մենք կարող ենք ասել, որ երկիրը զարգանում է, դա ակնհայտ է, բայց  խնդիրն այն է, որ անվտանգությունն ապահովելու պարագայում  այդ զարգացումնը շատ ավելի արագ ու տեւական կլինի: Մենք բոլորս կենտրոթնացած ենք այդ անվտանգության խնդիրները լուծելու  վրա»,-հայտարարեց վարչապետը:

Հիշեցնենք, որ ապրիլի 10-ին՝ ժամը 01:00-02:00-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է Ադրբեջանի ԶՈՒ զինծառայող:

Նրա հետ եղել է եւս մեկ զինծառայող, որին որոնելու աշխատանքները դեռ շարունակվում են։

Ադրբեջանական լրատվամիջոցները, վկայակոչելով այդ երկրի ՊՆ-ին, հայտնել են երկու ադրբեջանցի զինծառայողներ անհետ կորելու մասին։ Նշվում է, որ նրանք մոլորվել են Նախիջևանի ուղղությամբ անբարենպաստ եղանակի պատճառով սահմանափակ տեսանելիության պայմաններում։

Նշենք, որ ադրբեջանցիները հայտնաբերվել է Սյունիքի մարզի Բնունիս համայնքում։ Զինվորական հագուստով ադրբեջանցիները տներից մեկի դուռն են ծեծել, տանտիրուհին դուռը բացել է, կասկածել է եւ ահազանգել ոստիկանություն։

Ադրբեջանցիները եղել են Սիսիանի Բնունիս համայնքում, թակել են տներից մեկի դուռը