ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը հետաքրքրված է, որ հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր կնքվի: Այս մասին այսօր՝ ապրիլի 11-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։

«Աշխատանքները շարունակվում են, վերջին զարգացումն այն է եղել, որ Ադրբեջանն իր նկատառումներն էր փոխանցել, բայց դա բավականին երկար ժամանակ առաջ էր: Հիմա հայկական կողմն աշխատում է իր առաջարկների վրա»,-ասաց նա:

Հարցին, թե այս առումով Թուրքիայի կողմից նախապայմաններ դրվում են, Ռուբինյանը բացասական պատասխան տվեց. «Առնվազն իմ շփումներում նման բանի չեմ հանդիպել»:

Ինչ վերաբերում է նրան, որ ադրբեջանցիները հատել էի ՀՀ սահմանը, մտել գյուղեր, Ռուբինյանն ասաց. «Համապատասխան գերատեսչությունները կտեղեկացնեն հանրությանը: Եթե մենք խոսում ենք վերջին իրադարձության մասին, ես չեմ կարծում, որ դա այն դեպքերից է, որը պատասխանատվություն է ենթադրում, որովհետեւ առնվազն հրապարակված հաղորդագրությունից ես տպավորություն չեմ ստացել, որ անվտանգային ինչ-որ խնդրի հետ գործ ունենք»:

ԱԺ փոխխոսնակը խոսեց նաեւ Տեղ գյուղի տարածքում ադրբեջանցիների դիրքավորվելու դեպքի մասին՝ նշելով. «Դա պետք է պարզվի համապատասխան քննությամբ, դրա արդյունքում կարելի կլինի ասել՝ թերացում եղել է, թե ոչ: Եվ եթե եղել է, ով է թերացողը»: