Սահմանահատումներ միշտ էլ լինում են, նախնական վարկածով ադրբեջանցի զինծառայողը մոլորվել է եւ հայտնվել Սիսիանի գյուղերից մեկում: Այս մասին, այսօր՝ ապրիլի 11-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբկցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը:

«Ներկայումս քննություն է իրականացվում ԱԱԾ կողմից, հանգամանքներն ավելի մանրամասն կպարզվեն՝ ինչպես է եղել, որ անցել են եւ այլն»,-ասաց նա՝ հավելելով, որ եղել են դեպքեր, որ մեր զինվորներն էլ են շփոթվել եղանակային պայմաններից ելնելով:

Հարցին, թե արդյոք անհրաժեշտություն չկա դպրոցների մոտ անվտանգության միջոցառումներ ձեռնարկել, պատգամավորը պատասխանեց. «Եթե գտնեն, որ անհրաժեշտ է, կանեն այդպիսի միջոցառումներ, բայց ես կարծում եմ, որ  նման անվտանգային խնդիրներ ներկայումս չկան»:

Հիշեցնենք, որ Պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն՝ ապրիլի 10-ին՝ ժամը 01:00-02:00-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է Ադրբեջանի ԶՈՒ զինծառայող:

Նրա հետ եղել է եւս մեկ զինծառայող, որին որոնելու աշխատանքները դեռ շարունակվում են։

Ադրբեջանական լրատվամիջոցները, վկայակոչելով այդ երկրի ՊՆ-ին, հայտնել են երկու ադրբեջանցի զինծառայողներ անհետ կորելու մասին։ Նշվում է, որ նրանք մոլորվել են Նախիջևանի ուղղությամբ անբարենպաստ եղանակի պատճառով սահմանափակ տեսանելիության պայմաններում։

Նշենք, որ ադրբեջանցիները եղել են Սյունիքի մարզի Բնունիս համայնքում, թակել են բնակիչներից մեկի տան դուռը։ Ձերբակալվածը հայտնաբերվել է Աշոտավան համայնքում: