Բանակցություններն ամենօրյա են, որպեսզի ադրբեջանցիները զբաղեցնեն այն տարածքները, որոնք իրենց վարչական տարածքներն են եւ մեր տարածքներում չպետք է գտնվեն: Այս մասին, այսօր՝ ապրիլի 11-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը:

«Ներկայումս բանակցային փուլն է, սպասում ենք, որ տեսնենք, թե արդյունքներն ինչպիսիք կլինեն»,-ասաց նա:

Արմեն Խաչատրյանն ասաց, որ ինքը գրեթե ամենօրյա կապի մեջ է Տեղ գյուղի բնակիչների հետ. «Գյուղացիները շատ վրդովված են, որովհետեւ ադրբեջանական այս նոր շարժը մի շարք գյուղացիների համար դարձել է պատուհաս, քանի որ այդ հատվածում գյուղացիներն ունեն վարելահողեր: Խնդիրը պետք է լուծվի պետության կողմից, այդ մարդիկ չպետք է տուժեն Ադրբեջանի այս գործողություններից»,-ասաց նա:

Հարցին, թե որքան տարածք է Հայաստանը կորցրել, ՔՊ-ական պատգամավորը պատասխանեց. «Տեղեկություններ ունեմ մոտավոր, որքանով ես դիտարկել եմ, գուցե 100 հեկտար կամ ավելի քիչ: Թեկուզ մեկ հեկտար լինի, այն տարածքները, որոնք մերն են, մերը պետք է լինեն, դրան երկընտրանք չկա»: