2018-ի ապրիլին սկսված քաղաքական գործընթացի շարժիչ ուժերից մեկը երիտասարդությունն էր։ Նա հավատում էր իր պայծառ ապագային: Այս մասին այսօր՝ ապրիլի 11-ին, ԱԺ հայտարարությունների ժամին հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թեւանյանը։ Նրա խոսքով՝ մեծ հույսեր է ունեցել նաեւ երկրի բնակչության տարեց մասը։ «Նրանցից շատերն արդեն նախաթոշակային տարիքում էին։ Նրանց խաբել են՝ խոստանալով վերադարձնել թալանածը եւ բարձրացնել թոշակները։ Սակայն ճակատագրի հեգնանքով 2018-ի ստի հիմնական զոհերը հենց երիտասարդներն ու թոշակառուներն էին: Պատերազմի ընթացքում հազարավոր երիտասարդներ զոհվեցին։ Նրանցից ոմանք ընդհանրապես մնացել են առանց գերեզմանների։ Մյուսները դեռ թշնամու գերության մեջ են։ Այդ պատերազմն ու պարտությունը չէր լինի, եթե չլիներ Հայաստանի գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի սխալ քաղաքականությունը»,-ասաց Թեւանյանը։ Պատգամավորը նշեց, որ կենսաթոշակների աննշան աճը փաստացի որեւէ կերպ չի անդրադարձել կենսաթոշակառուների կյանքի մակարդակի եւ որակի վրա: Ավելին, դեղերի եւ սննդամթերքի գների էական աճի պատճառով նրանց կյանքի որակը զգալիորեն վատթարացել է։