Ազգային ժողովը 65 կողմ ձայնով տվեց իր համաձայնությունը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի նկատմամբ քրեական վարույթ հարուցելու` գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի միջնորդությանը։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ վարույթով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ մարտի 31-ին ԱԺ-ում աշխատանքային փակ քննարկման ժամանակ Մհեր Սահակյանը մոտեցել է պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանին և աջ ձեռքով դիտավորությամբ հարվածել նրա դեմքի ձախ քունքային շրջանին։ Հարվածի հետևանքով Վարդանյանի առողջությանը պատճառվել է թեթև վնաս՝ առողջության կարճատև քայքայումով:
Երևան քաղաքի դատախազությունում քրեական վարույթի նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ կատարված քննությամբ ձեռք են բերվել փաստական տվյալներ, որոնք հիմք են տալիս Մհեր Սահակյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցել Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով՝ խուլիգանություն, և 171-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով՝ մարմնական վնասվածք պատճառելը խուլիգանական դրդումներով։
Աննա Վարդապետյանն ապրիլի 11-ին խորհրդարանում ներկայացրեց Մհեր Սահակյանի նկատմամբ քրեական վարույթ հարուցելու միջնորդությունը։
Մհեր Սահակյանն ասել էր, որ կողմ է քվեարկելու իր նկատմամբ քրեական վարույթ հարուցելուն։











