Գոյություն ունի մարտական հերթապահություն եւ գոյություն ունի պաշտպանական խնդիրների իրականացում, դրանք մի քիչ տարբեր են: Այս մասին այսօր՝ ապրիլի 12-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտնեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով Տեղ գյուղի հարևանությամբ ապրիլի 11-ին արձանագրված ռազմական միջադեպին:

«Բայց միեւնույն է, յուրաքանչյուր գործողության իրականացման շրջանակներում էլ գոյություն ունեն նախազգուշացնող, նաև ժամանակավոր կահավորվածություն պահանջող ինժեներական սարքավորումներ ստեղծելու հնարավորություններ, կան ականապայթյունային և ոչ ականապայթյունային ինժեներական սարքավորումներ: 

Տվյալ ժամանակահատվածում ճանապարհների վրա պետք է լինեն շարժական որոշակի լարային արգելափակոցներ: Օրինակ, Երեւանում անհրաժեշտությանդ եպքում փողոցները փակելու, արագ արգելափակոցների ստեղծելու հնարավորություններ ունի նույնիսկ պարեկային ծառայությունը:

ՊՆ-ն, ԱԱԾ-նմ, բացի նախազգուշացնող կրակոցներից, նրանք կարող էին ճանապարհին ժամանակավոր լարային արգելափակոց տեղադրել, որի տեղադրումը րոպեների խնդիր է»,-ասաց Սեյրան Օհանյանը:

Նրա խոսքով, դա կկանգնեցներ ադրբեջանցիներին, նրանք չէին մոտենա մեր դիրքերին. «Եթե իրենց մեքենան կանգնեցներ, մեր զինվորականներն արդեն կմտնեին խրամատներն, ավելի անվտանգ կլինեին, իսկ 1-2 հոգի կբանակցեին, մնացածն իրենց նշանառության, դիտարկման տակ կվերցնեին հակառակորդի զինծառայողներին»,-ասաց նա՝ կարծիք հայտնելով, որ միջադեպը կանխել հնարավոր էր:

Օհանյանը Հայաստանի իշխանությանը խորհուրդ տվեց լուրջ հետևություններ անել ու դրանց շրջանակում կազմակերպել պաշտպանությունը, սահմանների ինժեներական կահավորումը և մնացած բոլոր անվտանգային խնդիրները:

Հիշեցնենք՝ ապրիլի 11-ին՝ ժամը 16։00-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության տարածքում՝ Սյունիքի մարզի Տեղ գյուղի հատվածում, ադրբեջանական զինված ուժերի մի խումբ զինծառայողներ սահմանի տեղակայման կետերի ճշգրտման պատրվակով մոտեցել են ՀՀ զինված ուժերի զինծառայողներին, սադրել և հրազենային զենքերից, այնուհետև տարբեր տրամաչափի այլ զինատեսակներից կրակ վարել հայկական ԶՈւ զինծառայողների և դիրքերի ուղղությամբ:

Ապրիլի 12-ի ժամը 08:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում շարունակում է մնալ հարաբերականորեն կայուն: