Երեկ լսեցի, որ պատգամավորներից ոմանք ասում են, որ նախկինում էլ են եղել դեպքեր, երն զինծառայողները մոլորվել են եւ հայտնվել հակառակորդի տարածքում. նախկինում նման դեպքեր եղել են դիրքային դասավորվածության եւ մարտավարական խորության մեջ, բայց ոչ հայկական բնակավայրերում: Այս մասին այսօր՝ ապրիլի 12-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտնեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով օրեր առաջ ադրբեջանցիների ՀՀ տարածք ներթափանցման դեպքին:

«Այստեղ երկու վարկած կարող է լինել: Առաջինը, իրոք մոլորվել է, որովհետեւ հիմա գարնանային ձնհալ է եւ կարող են այնպիսի հատվածներ լինել, որ ասենք, ականները հոսել են, ինչ-որ արանք է առաջացել եւ նրանք մոլորվել են, կամ ինչպես  ադրբեջանցիներն են ասում, իրենք միջանձնային հարբերությունների  հետ կապված խնդիրներ են ունեցել: Այսինքն իրենց զորամասից փախել են, որոնցից մեկը հայտնվել է մեր հատվածում, մյուսը փոշմանել, հետ է գնացել: Երկրորդ վարկածն այն է, որ հատուկ գործողություններ են իրականացրել, իսկ դա ամբողջ ճակատով, որ իրականացվում են, կարող են իրար հետ եւ կապ ունենալ, եւ չունենալ»,-ասաց Սեյրան Օհանյանը:

Հիշեցնենք, որ ապրիլի 10-ին՝ ժամը 01:00-02:00-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է Ադրբեջանի ԶՈՒ զինծառայող:

Նրա հետ եղել է եւս մեկ զինծառայող, որին որոնելու աշխատանքները դեռ շարունակվում են։

Ադրբեջանական լրատվամիջոցները, վկայակոչելով այդ երկրի ՊՆ-ին, հայտնել են երկու ադրբեջանցի զինծառայողներ անհետ կորելու մասին։ Նշվում է, որ նրանք մոլորվել են Նախիջևանի ուղղությամբ անբարենպաստ եղանակի պատճառով սահմանափակ տեսանելիության պայմաններում։

Նշենք, որ ադրբեջանցիները հայտնաբերվել է Սյունիքի մարզի Բնունիս համայնքում։ Զինվորական հագուստով ադրբեջանցիները տներից մեկի դուռն են ծեծել, տանտիրուհին դուռը բացել է, կասկածել է եւ ահազանգել ոստիկանություն։