Ես չգիտեմ՝ ՊՆ-ն ինչու է հերքել, կամ հերքել է, թե ոչ, բայց ես Սոթքում քաղաքացիների հետ եմ խոսել, եւ ունեմ տեղեկություն, որ Սոթքում կրակոցները տևել են մոտ 15-20 րոպե՝ տարբեր տրամաչափի զենքերից: Այս մասին, այսօր՝ ապրիլի 12-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը:

«Ես տեղեկացա «Գեոպրամայնինգ գոլդ» ընկերության աշխատկիցներից, որ իրենց անմիջապես տարհանել են հանքի տրածքից, որ հնարավոր վտանգները չեզոքացնեն, քանի որ, ըստ էության, եղել են անկանոն կրակոցներ», - ասաց նա:

Պատգամավորի խոսքով՝ այսօր հարաբերական անդորր է. մեկ-երկու խուլ ձայներ են լսվել շատ հեռվում. «Ինչ վերաբերվում է Տեղ համայնքում տեղի ունեցածին, ես ուզում եմ արձանագրել, որ նախ այն հատվածներում, որտեղ տեղի ունեցավ փոխհրաձգությունը, բավականին վերջերս է դարձել առաջնագիծ, եւ դուք տեսաք, որ այնտեղ առաջնագծի նմանվող որեւէ բան չկար: Այսինքն մենք չունենք պաշտպանական գիծ եւ չենք կարողանում պատկերացնել ընդհանրապես, թե մեր  զինծառայողներն ինչպես պետք է իրականացնեն ՀՀ սահմանների պահպանությունը»,-ասաց նա:

Հիշեցնենք՝ ապրիլի 11-ին՝ ժամը 16։00-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության տարածքում՝ Սյունիքի մարզի Տեղ գյուղի հատվածում, ադրբեջանական զինված ուժերի մի խումբ զինծառայողներ սահմանի տեղակայման կետերի ճշգրտման պատրվակով մոտեցել են ՀՀ զինված ուժերի զինծառայողներին, սադրել և հրազենային զենքերից, այնուհետև տարբեր տրամաչափի այլ զինատեսակներից կրակ վարել հայկական ԶՈւ զինծառայողների և դիրքերի ուղղությամբ:

Ապրիլի 12-ի ժամը 08:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում շարունակում է մնալ հարաբերականորեն կայուն: