Նախօրեին ՊՆ-ի տարածած տեսանյութը լավ ազդակ չէր մեր քաղաքացիների համար: Այս մասին, այսօր՝ ապրիլի 12-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը:
«Գուցե մենք այդ կադրերը հրապարակել ենք, որ ցույց տանք, թե ինչքան համեստ կանգնած է հայ զինվորականը եւ ագրեսիան գալիս է ադրբեջանական կողմից: Բայց ես կարծում եմ, որ այդ տեսանյութը ուղղակի կարելի էր ուղարկել միջազգային կառույցներին, ցույց տալ իրավիճակը փաստերով, թե ինչ է կատարվում, բայց հանրությունը չտեսներ, թե ինչքան անգործունակ էին կանգնած մեր զինծառայողները եւ թշնամուն տեսնելիս չեն ոչնչացնում:
Դա լավ ազդակ չէ մեր քաղաքացիներին, որովհետեւ դասագրքային ճշմարտություն գոյություն ունի՝ եթե ցանկացած զինծառայող տեսնում է, որ թշնամին մոտենում է, նա այլ բան չունի անելու, քան ոչնչացնել թշնամուն: Բայց մենք տեսանք, որ երեկ այդ կանոնը չի պահվում, ես բացարձակ չէի ցանկանա, որ այդ տեսանյութը շրջանառվեր», - ընդգծեց պատգամավորը:
Հիշեցնենք՝ ապրիլի 11-ին՝ ժամը 16։00-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության տարածքում՝ Սյունիքի մարզի Տեղ գյուղի հատվածում, ադրբեջանական զինված ուժերի մի խումբ զինծառայողներ սահմանի տեղակայման կետերի ճշգրտման պատրվակով մոտեցել են ՀՀ զինված ուժերի զինծառայողներին, սադրել և հրազենային զենքերից, այնուհետև տարբեր տրամաչափի այլ զինատեսակներից կրակ վարել հայկական ԶՈւ զինծառայողների և դիրքերի ուղղությամբ:
Ապրիլի 12-ի ժամը 08:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում շարունակում է մնալ հարաբերականորեն կայուն:











