Մինչ այս պահը ես տեղյակ չեմ, թե կա՞ արդյոք Հայաստանում գտնվող ԵՄ դիտորդների կողմից կազմված զեկույց, ես չգիտեմ՝ նրանք ինչ են հայտարարել. Նրանք առնվազն պետք է հայտարարություն տարածեին, թե ինչ են տեսե, ինչ են լսել, ինչ են արձանագրել: Այս մասին, այսօր՝ ապրիլի 12-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը:

«Ցավալի է, որ այսպիսի «օպերատիվությամբ» պետք է աշխատեն, որովհետեւ ստացվում է, որ ոչ եվրոպական, ոչ ռուսական ուժերը, որոնք տեղակայված են, մեկը թուղթուգրիչով, մեկը՝ զենքով, այնուամենայնիվ, երկու դեպքում էլ ՀՀ սահմաններին տեղի ունենում միջադեպ ու չկա միջազգային արձագանք»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է օրեր առաջ ադրբեջանցի զինծառայողների ՀՀ տարածք ներթափանցելուն, պատգամավորն ընդգծեց. «Խայտառակություն է, որ կարող է ադրբեջանցի զինծռայողը թեկուզ մոլորված հայտնվել ոչ թե Հայաստանի սահմանից ներս, այլ այնքան խորքը, որ գա, մտնի մարդկանց տուն, հաց ուտի, փոխվի: Բա մեր ուժային կառույցները, անվտանգության երաշխբորներն ինչո՞վ են զբաղված: Էլ չասեմ այն մասին, որ նրանցից մեկը հայտնաբերված չէ, եւ մենք չգիտենք, թե նա ինչ նպատակով, որտեղ  է եւ դեռ ինչ պլաններ ունի մեր երկրում իրականացնելու: Սա մարտահրավեր է ՀՀ ուժային կառույցներին, որ օր առաջ, վայրկյան առաջ պետք է նրան բացահայտեն, հայտնաբերեն եւ ցույց տան մեզ, որ մենք իսկապես ապրում ենք անվտանգ միջավայրում, այլ ոչ թե  այդ անվտանգությունն ուղղակի խոսք է կամ ապագայի նման մշուշոտ ուրվական»: