Եթե Հայաստանն անվտանգային միջավայրի այս պայմաններում ունի տնտեսական մեծ աճ, ուրեմն՝ երբ մենք անվտանգային հարցեր լուծենք, պատկերացնո՞ւմ եք՝ մեր երկիրը տնտեսական զարգացման ինչ տեմպի մեջ է լինելու։ Այս մասին այսօր՝ ապրիլի 12-ին, Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այսօր մեր երկիրը մեծ տեմպերով զարգանում է։ Անվտանգային միջավայրի գործողությունները նպատակ ունեն նաեւ երկրի զարգացման դինամիկան կոտրելու։ Բայց մենք պետք է շարունակենք կենտրոնացած լինել երկրի զարգացման վրա, որովհետեւ առանց այդ օրակարգի մեր անվտանգային խնդիրները չենք կարող լուծել։ Երեկ միջադեպ է տեղի ունեցել, մենք զոհեր ենք ունեցել, բայց ես արձանագրում եմ հետեւյալը՝ զոհեր ունեցել են նաեւ ադրբեջանցիները՝ ավելի շատ, կրկնակի։ Մեր ռազմավարական խնդիրն է համակեցության բանաձեւը գտնել, այլ տարբերակ չկա։ Որեւէ միջադեպ մեր ռազմավարական խնդիրը չի փոխում»,- ասաց նա։