Այսօր, 2019 թվականի համեմատ, մենք զբոսաշրջության ոլորտում 35 տոկոս աճ ունենք առաջին եռամսյակի տվյալներով, ինչը մեծ ռեսուրսներ է բերում Հայաստանի Հանրապետությանը։ Այս մասին այսօր՝ ապրիլի 17-ին, ոստիկանության օրվա առթիվ ոստիկանության կոլեգիայի նիստում իր ելույթում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այդ թվում Ոստիկանության աշխատանքից է կախված, թե այդ մարդիկ վերադառնալով ուրիշներին կքաջալերեն գալ Հայաստանի Հանրապետություն, թե, ընդհակառակը, կասեն ավելի լավ է ուրիշ տեղ ընտրեք և ուրիշ տեղ գնացեք։ Սրանք փոխկապակցված են, խոսքը միլիարդավոր դոլարների մասին է, որ պիտի նաև ձեր աշխատանքի արդյունքում կամ ներհոսի Հայաստան, կամ արտահոսի Հայաստանի Հանրապետությունից։
Փառք Աստծո, այսօր գոնե տնտեսության, տնտեսական աճի ոլորտում մեր գործերը լավ են, և ես ուզում եմ հավատալ, հավատում եմ և համոզված եմ, որ դա նաև ձեր աշխատանքի շնորհիվ է։ Որովհետև մենք, ինչպես պայմանավորվել ենք, ամեն ինչ անում ենք՝ ստեղծելու հավասար պայմաններ, հավասար հնարավորություններ, ստեղծելու պայմաններ օրենքի առաջ բոլորի հավասարության, օրենքի գերակայության համար։ Իհարկե իդեալի չենք հասել, բայց ամեն օր պետք է աշխատենք այդ ուղղությամբ»:











