Մադրիդյան փաստաթղթի նախաբանում մի քանի կարևոր արձանագրում կա. նախ դրանում նշվում են ԵԱՀԿ Հելսինկիի եզրափակիչ ակտի երեք հիմնարար սկզբունքները՝ տարածքային ամբողջականություն, ժողովուրդների ինքնորոշում և ուժի կամ ուժի սպառնալիքի բացառում։ Այս մասին Facebook-ի իր էջի ուղիղ եթերում նշել է ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը, որտեղ անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի՝ ղարաբաղյան կարգավորման բանակցությունների և Մադրիդյան սկզբունքների վերաբերյալ պնդումներին։
«Երկրորդ, այդ փաստաթղթի հենց նախաբանում ասվում է, որ նախագահները հանձնարարում են իրենց արտաքին գործերի նախարարներին հետամուտ լինել այս փաստաթղթի մշակմանը, և այդ փաստաթուղթը, չակերտներում ասված է՝ «հետայսու՝ խաղաղության պայմանագիր»։ Այսինքն, Նիկոլ Փաշինյանը այսօր որ խոսում է խաղաղության համաձայնության մասին, Մադրիդյան փաստաթուղթը հենց այդ համաձայնագիրն էր։ Հենց այդպես էլ նշված էր՝ «հետայսու խաղաղության համաձայնագիր»:
ԱԳ նախկին նախարարի խոսքերով՝ երրորդ կարևոր արձանագրումն այն է, որ երբ 2007-ի նոյեմբերի վերջին – դեկտեմբերի սկզբին ԵԱՀԿ նախարարների խորհրդում համանախագահները դա ներկայացրեցին, առաջին անգամ կոնֆլիկտի այդ քսան տարիների ընթացքում, որ արդեն հինգ փաստաթուղթ էր ներկայացվել, ու սա վեցերորդն էր, առաջին անգամ նրանք ասացին, որ «սա մեր վերջնական և լավագույն առաջարկն է՝ best guess». «Սա դիվանագիտության մեջ ընդունված տերմինաբանությունն է: Միջնորդները տարիներով աշխատանք են անում, հետո գալիս ասում են՝ «մեր առաջարկած լուծումը սա է»։ Առաջին անգամ այդ առաջարկությունը դրվեց ԵԱՀԿ դեպոզիտարիայում։ Նման բան երբեք չի եղել․ նախկին հինգ առաջարկությունները չեն դրվել դեպոզիտարիայում։ Այս մեկը դրվել է և դեռևս այնտեղ է»,-ասաց Օսկանյանը:











