Մեռյալ ծովի մագաղաթների մի մասն այժմ կարելի է տեսնել համացանցում, դրանց ստեղծումից 2 հազար  տարի եւ անապատի կենտրոնի մի քարայրից հայտնաբերումից տասնամյակներ անց, հաղորդում է MIGnews.com-ը:

Այդ համատեղ նախագիծն իրականացրել են Իսրայելի ազգային թանգարանն ու Google ինտերնետ-հսկան: Երկուշաբթի օրվանից օնլայն ռեժիմում հասանելի են 5 մագաղաթներ, այդ թվում` Եսայի մարգարեի գիրքը:

Google-ի տեխնոլոգիան թույլ է տալիս օգտվողներին դիտել մագաղաթները` գտնելով տեքստի կոնկրետ տեղերն ու անգամ թարգմանելով անգլերեն:

Մագաղաթները 1947-67 թվականների ընթացքում գնել էր մի իսրայելցի գիտնական: Նախապես դրանք գտել էին բեդուին քոչվորները Հուդայական անապատում:

Այդ մեծ արժեք ներկայացնող գրությունները պահվում են Երուսաղեմի Իսրայելի թանգարանում:

Google-ը ներկայումս համագործակցում է Իսրայելի հետ, որ մագաղաթների լայն բազա ստեղծի: Մագաղաթները կարելի է դիտել եւ կարդալ ԱՅՍՏԵՂ: