Անհայտ ծագման պայթյունը ոչնչացրել է Բուենոս Այրեսի բնակելի տներից մեկը։ Վերջին տվյալներով, զոհվել է մեկ մարդ, եւս յոթը վիրավորվել են։ Վնասվել են նաեւ հարեւան շինություններ։ Ականատեսներն ասում են, որ պայթյունից հաշված վայրկյաններ առաջ տան վրա ինչ-որ «հրե գունդ» է ընկել։ Միաժամանակ, հրդեհ չի բռնկվել։ Ոստիկանությունը քննություն է իրականացնում։ Ենթադրություն կա, որ տունը հողին  են հավասարեցրել ամերիկյան արբանյակի կտորները, հայտնում է «Վեստին»։

Հիշեցնենք, որ  NASA-ի ներկայացուցիչների հաղորդմամբ, արբանյակի մասերը, որոնք չէին հասցրել այրվել մթնոլորտի շերտերում, օրերս ընկել էին Խաղաղ օվկիանոսի ջրեր։

Արբանյակը Discovery  շաթլով ուղեծիր էր դուրս բերվել 1991 թվականի սեպտեմբերի 15-ին։ Սկզբնապես նախատեսված էր, որ սարքն ուղեծրում կաշխատի երեք տարի, սակայն շահագործումից դուրս էր բերվել միայն 2005 թվականի դեկտեմբերի 14-ին։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Քութայիսիում բնակվող Գերսամիաների ընտանիքը նախօրեին պնդել էր, որ ամերիկյան UARS արբանյակի մանր կտորներն ընկել են իրենց բակ։