ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը պիցայի չկերած կտոր է առաջարկել իր ոգևորված կողմնակիցներին Ֆլարիդա նահանգի Ֆորտ-Մայերս քաղաքի Downtown House of Pizza ռեստորանում չնախատեսված կանգառի ժամանակ։

Ամերիկյան ԶԼՄ-ների հրապարակած տեսանյութում երևում է, թե ինչպես է ԱՄՆ նախկին նախագահը մի ձեռքում բռնել պեպերոնի պիցայով տուփը, իսկ մյուսում պիցայի մի կտոր,այն ժամանակ, երբ ամբոխը «Թրամփ» է վանկարկում։ Հետո նա սկսում է բաժանել պիցայի կտորները։

«Ինչ-որ մեկն ուզո՞ւմ է այն կտորը, որը ես կերել եմ»,- նախքան այն կծելը գոռում է նա։ Սակայն անգամ Թրամփին պաշտող կողմնակիցների համար այդ առաջարկը չափից դուրս էր, և նրանք միահամուռ պատասխանեցին «Ո՛չ»։

Ֆաստֆուդի հանդեպ Թրամփի սերը հայտնի է բոլորին։ Նրա նախկին օգնականները պատմում էին, որ պիցան սննդի հիմնական տեսակներից էր համար մեկ օդանավում, իսկ Թրամփն ինքը 1995 թ․ նկարահանվել է Pizza Hut-ի գովազդում իր նախկին հանգուցյալ կնոջ հետ միասին։