Այս խումբը, որով եկել ենք Հայաստան Արգենտինայից, ամենալայն լսարան ունեցող լրատվամիջոցների լրագրողներ են, նրանցից ոչ մեկը հայ չէ: Այս մասին այսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում NEWS.am-ի հետ զրույցում նշեց «Զվարթնոց» օդանավակայանի նախկին տնօրեն, արգենտինահայ Խոան Պաբլո Գեչիջյանը, ով 18 տարի ապրել է Հայաստանում, մինչեւ 2019 թվականը:
«Խմբում 23 հոգի ենք, նրանք իմանալով, թե ովքեր ենք մենք որպես հայ, ցանկացան միանալ մեզ այս հիշատակի համար; մենք որպես հայեր, պետք է միասնական լինենք, որովհետեւ դրա մեջ է մեր ուժը: Թուրքն իր պլաններն ունի, մենք՝ մերը պետք է ունենանք: Հայաստանն ու Սփյուռքը միշտ միասին պետք է աշխատեն, չեն կարող մեկը մյուսից անջատված լինել: Դժբախտաբար, այդ միասնությունը հիմա չեմ տեսնում, բայց պետք է աշխատել, որ դա լինի»,-ասաց նա:
Խոան Պաբլո Գեչիջյանի խոսքով, միակ ձեւը, որ Հայաստանը հազարամյակներ շարունակի գոյություն ունենալ, միասնական լինելն է:
Անդրադառնալով Արցախին, նա նկատեց, որ դժբախտաբար, այսօր միայն կորուստներ ենք տեսնում. «Սա բոլորիս խնդիրն է, սա միայն քաղաքականության հարց չէ, մտածելակերպի հարց էլ կա: Դյուրին չէ մեր վիճակը, շրջապատված ենք թշնամիներով, բայց պետք է խելոք լինենք»:
Հարցին, թե ինչպես է գնահատում ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությունը, Գեչիջյանը պատասխանեց. «Ես դրա մասին շատ բան չեմ կարող ասել, որովհետեւ այստեղ չեմ ապրում, եւ դժվար է խոսել, երբ այստեղ չես: Պետք է ավելի գլոբալ նայել, տեսնել՝ ինչ է կատարվում աշխարհում, ինչ է կատարվում գերտերություններում: Դժբախտաբար մեր ճակատագիրը նաեւ կախված է այդ մեծ խաղի ավարտից: Միայն մեզնից չի կախված»:











