Մեր իշխանությունները խաղաղության քողի տակ, խաղաղություն մուրալով ապահովեցին, որ ադրբեջանական իշխանություններն իրագործեն այն ծրագիրը, որը ունեին ու չէին թաքցնում։ Այս մասին այսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց «Միացյալ Հայաստան» կուսակցության ղեկավար Երվանդ Թարվերդյանը՝ անդրադառնալով նախօրեին Հայաստանից Արցախ միակ ճանապարհին՝ Հակարի կամրջի վրա, Ադրբեջանի կողմից անցակետ տեղակայելուն:
«Մեր ազգն այսօր պետք է գիտակցի, որ եթե անհրաժեշտություն լինի, պետք է անգամ ուժի միջոցով բացել Հայաստան-Արցախ ճանապարհը, քանի որ 120 հազար մեր ազգակիցներ ենթարկվում են պասիվ ցեղասպանության: Չեմ զարմանա, եթե հենց մայիսի 8-ին այդ պարտության համաձայնագիրը ստորագրվի»,- ասաց նա:
Երվանդ Թարվերդյանի խոսքով, այսօր իշխանությունների ապաշնորհ քայլերի հետեւանքով այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ մենք ամեն օր տեսնում ենք հերթական բացասական զարգացումը. «Նրանք իրականությունից ընդհանրապես շեղվելով, իրենց Աստծո հետ համեմատելով, անում են այն, ինչ ցանկանում են, այն, ինչ ադրբեջանական իշխանություններն են ցանկանում»,-ընդգծեց նա:











