Հարավային Կովկասում իրավիճակը գնալով վատանում է, Լաչինի միջանցքը, որը միակ ճանապարհն է Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի միջեւ, դեռ շրջափակված է: Այս մասին այսօր՝ ապրիլի 24-ին, ԵԽԽՎ-ում հայտարարել է ԵԽԽՎ-ում Շվեդիայի պատվիրակ Բորանա Աբերգը:

«120 հազար մարդ տառապում է այդ շրջափակման հետեւանքով առաջացած սննդի, դեղորայքի պակասից, ներառյալ երեխաները եւ երկարատեւ բուժման կարիք ունեցող անձինք: 120 հազար մարդիկ ամիսներ շարունակ բլոկադայի մեջ են, քանի որ չեն կարողանում անցնել Լաչինի միջանցքով: Երեկ Ադրբեջանը հայտարարեց, որ անցակետ է տեղադրում Լաչինի միջանցքում, ինչը ակնհայտ խախտում է եռակողմ հայտարարության:

Այսօր Հայոց ցեղասպանության տարելիցի օրն է: Թվում է՝ տեղին չէ հիշատակել Հայոց ցեղասպանությունը, երբ խոսում ենք Լաչինի միջանցքի շրջափակման մասին, բայց դա այդպես չէ»,-հայտարարեց է շվեդ պատվիրակը:

Նրա խոսքով, կյանքի անմարդկային պայմանները, որոնք հանգեցնում են բնակչության մասնակի կամ ամբողջական ֆիզիկական ոչնչացման, ցեղասպանության սահմանումներից մեկն է:

«Աշխարհն այլևս չի կարող անտեսել ստեղծված իրավիճակը: ԵՄ-ն քաղաքացիական առաքելություն է ուղարկել հայ-ադրբեջանական սահման: Եվրախորհրդարանը կոչ է արել Ադրբեջանին վերացնել ԼՂ բնակչության ազատ տեղաշարժի որեւէ խոչընդոտ, Արդարադատության միջազգային դատարանը որոշում է կայացրել անհապաղ ապահովել մարդկանց ու բեռների ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով:  Քաղաքացիական բնակչությունը տառապում է, մենք ունենք պարտավորություն, որ կերաշխավորենք նրանք իրավունքները՝ սահմանված Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով»,-հայտարարեց է բորանա Աբերգը: