«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը մանր քաղաքական հարց է համարում Ղարաբաղյան հիմնախնդրի լուծման ադրբեջանական տեսանկյան եւ հայաստանյան տեսանկյունների հակասությունները: Այս մասին այսօր՝ ապրիլի 26-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը:
Նրա խոսքով՝ իշխանությունները հանրությանը հրամցնում են առօրեական խնդիրների լուծման իրենց ճանապարհները. «Ընդ որում, այդ առաջարկվող լուծումները ոչ խորքային վերլուծությամբ են»:
Հարցին՝ այդպիսի քննարկումներին մասնակցելուց բացի ընդդիմությունն ի՞նչ է անում Արցախի փրկության համար, Կյուրեղյանն ասաց. «Մասնակցել հանձնաժողովներում միայն հարցերի քննարկմանը, դա չի նշանակում միայն նման գործողություններ իրականացնել: Բոլոր հարցերի լուծումները զուգահեռ քայլերի ընթացքում են ստացվել: Այսօր վաղուց արդեն կամ-կամ գործողությունը չէ»:
Այն դիտարկմանը, որ ընդդիմությունը իշխանության հետ գործուղումների է մեկնում, Կյուրեղյանն ասաց. «Կոնկրետ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական հանդիպումների ժամանակ ընդամենը ներկայացվելու էին ՔՊ խմբակցության պատգամավորների կողմից, այսինքն՝ քննարկվելու էր միայն նրանց տեսակետը, իսկ իմ ներկայությունը այն առավելությունը բերեց, ներկայացվեց նաեւ ընդդիմության տեսակետը, ներկայացվեց իրենց տեսակետի սնանկությունը, ոչ հանրային լինելը: Եթե հրաժարվում ենք այդ գործիքից, միայն իրենք են ներկայացնում, ստացվում է, որ միակ եւ անկրկնելի ճշմարտությունն իրենց ասածն է եւ ինչպիսի՞ աջակցություն ենք սպասում ֆրանսիացի պատգամավորներից»:
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետի պաշտոնից հրաժարական ներկայացնելու իրենց պահանջին՝ պատգամավորը ընդգծեց, որ ընդդիմությունը շարունակում է ունենալ այդ պահանջը. «Կա երեք ճանապարհ. կամ ինքն է հրաժարական տալիս, որը բացառում ենք, կամ Խորհրդարանը նրան անվստահություն է հայտնում, որը բացառվում է, կամ հանրային լայն ճնշման արդյունքում, որը չստացվեց երկու անգամ, բայց դա չի նշանակում, որ մենք ընդհանրապես հրաժարվելու ենք այդ ճանապարհից: Եթե երկրորդ անգամ չստացվեց, ապա երրորդ անգամ պետք է փորձենք, պետք է փորձենք այնքան, մինչեւ ստացվի: Գուցե մենք ճիշտ չենք գնահատել իրավիճակը, բայց եթե կան ավելի լուրջ առաջարկներ, մենք պատրաստ ենք նաեւ այդ առաջարկների հետեւից գնալ, բայց քանի դեռ այդ առաջարկները չկան, մենք էլ կարողանում ենք անել այնքան, ինչքան որ կարողանում ենք հանրությանը ոտքի կանգնեցնել»:
Ընդդիմության հասցեին հնչեցված քննադատություններին անդրադառնալով՝ պատգամավորն ասաց. «Դուք դա ասում եք ի՞նձ, մի մարդու, որի ելույթի կեսից շատը Նիկոլ, դու դավաճան ես, եկել ես ազգը հանձնելու: Այդ մարդը ինչ էլ անի, միեւնույն է, իրենց դավաճան են ասելու: Նա վախենում է նույնիսկ իր թիմակիցներից: Նա ամբիոնից հայտարարել է, որ արցախահայությունն ադրբեջանական է, իսկ իր թիմակից Արթւոր Հովհաննիսյանը հայտարարել է, որ կտրելու է այն մարդու լեզուն ու ականջները, որը հայ ժողովրդին կանվանի ադրբեջանաթուրքական: Մենք՝ ընդդիմադիրներս ընտրել ենք էպոսի հերոսներից Մհերին, իսկ իրենք՝ Վերգոյին. գնահատականները թողնում եմ ձեզ»:











