Թուրքիան կփորձի ստեղծված իրավիճակում իր խաղը խաղալ, կուժեղանա որպես տարածաշրջանային տերություն, բայց, միաժամանակ, պետք է հասկանալ, որ Թուրքիայի ցանկացած հզորացում տարածաշրջանում հզորացում է Ռուսաստանի և Իրանի հաշվին։
Այս մասին Լուրեր Հայաստանից – NEWS.am-ի «Ուժի գործոն» հաղորդման եթերում ասել է պատմական գիտությունների դոկտոր, Մ.Վ.Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի դոցենտ Ֆյոդոր Գայդան։
Նա հավելել է, որ Թուրքիան, Ռուսաստանն ու Իրանը շփման տարբեր կետեր, տարբեր հակասություններ ունեն, և հարցն այն է, թե արդյոք Թուրքիան պատրաստվում է ճնշում գործադրել կոնկրետ ուղղությամբ և խնդիրներ ստեղծել իր համար այլ ուղղություններով։
«Ռուսաստանն ու Թուրքիան շատ լուրջ տնտեսական կապեր ունեն, այս փոխգործակցությունը շատ ավելի հզոր է, քան քաղաքական փոխգործակցությունը։ Սակայն պարզ է, որ դեռ շահերի տարբերություն կլինի, որոշակի սակարկություններ կլինեն, բայց, այնուամենայնիվ, ռուս-թուրքական հարաբերությունների խզում հիմա գրեթե անհնար է պատկերացնել»,- ասել է Գայդան։
Նա չի բացառել, որ դա կարող է փոխվել ապագայում՝ կախված Թուրքիայի ներսում ստեղծված իրավիճակից։
«Չեմ կարծում, որ հիմա նույնիսկ Թուրքիայի կողմից արմատական քայլեր կլինեն։ Ուժերի հավասարակշռությունը կպահպանվի, և դա կլինի բազմակողմ, այդ թվում՝ ռուս-թուրքական բանակցությունների առարկա։ Բացի այդ, ռուս-իրանական հարաբերություններն այժմ շատ սերտացել են։ Մենք տեսնում ենք թուրք-իրանական հարաբերությունների աստիճանական ջերմացում, այս կամ այն կերպ տեսնում ենք չինական միջնորդությունը։ Չինաստանը բառացիորեն ներխուժեց տարածաշրջան և դարձավ տարածաշրջանում կայուն իրավիճակ ստեղծող ևս մեկ գործոն։ Իսկ ա՛յ ամերիկյան գործոնն ապակայունացնող գործոն է»,- եզրափակեց պատմաբանը։











