Ադրբեջանը պետք է կատարի Լաչինի միջանցքով մարդկանց և տրանսպորտային միջոցների ազատ տեղաշարժն ապահովելու վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի որոշումը: Այս մասին Ջերմուկում լրագրողների հետ զրույցում ասել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոնան։

«Դատապարտում ենք դատարանի որոշման չկատարումը։ Դատարանը իր վճիռն է կայացրել, շատ կարևոր է հարգել այդ վճիռը, որովհետև նախ՝ դա է իրավական իրականությունը, և որովհետև չկատարելը նաև խաթարում է առանց այն էլ անվստահության առկա մթնոլորտը», - ասել է նախարարը։

Խոսելով ադրբեջանական զինված ուժերի առաջխաղացումների մասին՝ Կոլոնան նշել է, որ Ֆրանսիան դատապարտում է նմանատիպ միակողմանի քայլերը։

«Ես դա ասում եմ այստեղ, ես դա հանրայնորեն ասել եմ նաև երեկ Բաքվում։ Դատապարտում ենք միակողմանի քայլերը», - ընդգծել է նա։