Արցախում միաժամանակ իբրեւ թե քաղաքական պրոցեսներ են սկսվել. իբրեւ թե, որովհետեւ դա հատուկ արվել է Հայաստանի հանրությանը ցույց տալու համար, որ այստեղ աժիոտաժ է, իրար կոկորդ են կրծում, լարված իրավիճակ է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:
«Իրականում 2-3 անձինք, որոնք ալիք են փորձում ցույց տալ: Այստեղ երկրորդ կարծիք չկա, որ դա ուղղորդվում է ՀՀ իշխանությունների կողմից:
Օրինակ, մեկն ուզում է ցույց տալ, որ Արցախում դժգոհ են ռուս խաղաղապահներից, որն իրականությանը բացարձակ չի համապատասխանում: Արցախում բոլոր սթափ մարդիկ գիտակցում են, որ ռուս խաղաղապահները հումանիտար առաքելություն են իրականացնում, այն քաղաքական չէ, հետեւաբար քաղաքական լուծումներ ի վիճակի չէ տալու:
Մյուս մասը կարծես ինչ-որ նախընտրական քարոզարշավ է իրականացնում: Երկու դեպքում էլ հանրային աջակցություն չկա, առավելեւս քաղաքական ուժերը դրանցով հետաքրքրված չեն»,-հայտարարեց նա:
Անդրադառնալով խոսակցություններին, թե Արցախում միանգամից մի քանի ճակատ է ձեւավորվում՝ Արայիկ Հարությույանի, Սամվել Բաբայանի եւ Ռուբեն Վարդանյանի, Մետաքսե հակոբյանը հավաստիացրեց, որ առնվազն Ռուբեն Վարդանյանի թեւ չկա. «Ռուբեն Վարդանյան առանձին թեւ չեմ տեսնում, նա այստեղ հանրային գործունեությամբ է զբաղված, դա քաղաքական գործունեությունը չէ»:











