Ամեն անգամ ցավով արձանագրում ենք, որ ծնունդով Արցախից ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Արցախի ամոթն է, որը լծված է Արցախը հանձնելու գործընթացին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:

«Արդեն բացարձակ տարբերություն չկա Ադրբեջանի եւ Հայաստանի իշխանությունների միջեւ, ակնհայտ է նույն օրակարգը, սինխրոն աշխատանքը, հետեւաբար, որքան էլ ուզես ՀՀ իշխանությունների մեջ տեսնել քո հայրենակցին, չես կարողանում»,-ասաց նա:

Անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պնդումներին, թե իրենք որեւէ քայլ չեն անում առանց Արցախի իշխանություների, Մետաքսը Հակոբյանն ասաց, որ ինքը այդ մասին հարց է ուղղել Արցախի պետնախարարին, որը պատասխանել է, որ որեւէ առնչություն չկա, միակ առնչությունը ՀՀ իրավապահ մարմինների հետ  երբեմն. «Նույնկերպ պատասխան նտվեց նաեւ ԱԳՆ ներկայացուցիչը, նույն բանը ասաց Արցախի ԱԺ նախագահը: Այսինքն ստացվում է, որ երբ Նիկոլ Փաշինյանը նման բան է հայտարարում, դա ընդամենը երկու անձանց միջեւ է՝ ՀՀ վարչապետի եւ Արցախի նախագահի»:

Ինչ վերաբերում է Հակարի կամրջի վրա ադրբեջանական  անցակետ տեղադրելուն, Մետաքսե Հակոբյանը պնդեց, որ դա այնքան էլ անակնկալ չէր որեւէ մեկի համար. «Հիշում եք, որ Բայրամով-Լավրով հանդիպումը կայացավ եւ հայկական կողմը չմասնակցեց: Այդ օրը Լավրովը հայտարարեց, որ այո, տեղադրվելու է անցակետ, սկան ապարատ է դրվելու, այն լինելու է ռուս խաղաղապահների հսկողության ներքո, որպեսզի փարատվի Ադրբեջանի կասկածները: Հիմա հասկանալի է, թե ինչու չկար Հայաստանի կողմից ներկայացուցիչ, որովհետեւ իր լռությամբ պետք է հաստատեր իրենց մասնակցությունը դրան: Հետեւաբար, ավելի լավ էր չներկայանալ, որ ակնհայտ չլիներ, որ դա Հայաստան-Ադրբեջան պայմանավորվածություններն են եւ Ռուսաստանը չէ, որ պետք է չեղարկեր այդ պայմանավորվածությունները:

Դրան զուգահեռ Հայաստանի եւ Արցախի իշխանությունները ինխրոն եւս մեկ գործընթաց են տանում, այն է՝ բոլոր խնդիրները տեղափոխել ռուս-ադրբեջանական հարթակ: Այսինքն մեղավոր է Ադրբեջանը, որ չի կատարում իր պարտավորությունները, բայց առավել մեղավոր է ռուսական կողմը, որ դա չի կանխում: Իսկ որո՞նք են հայկական իշխանությունների անելիքները»: