Եթե դիտարկենք վերջին հինգ տարիներին քաղաքապետարանում իշխող խմբակցության գործունեությունը, կարելի է արձանագրել, որ նախկին քաղաքապետերն աշխատանք չեն իրականացրել, եւ այս վերջին ամիսներին իրենք փորձում են անել այն, ինչ պետք է անեին հինգ տարվա ընթացքում։ Այս մասին այսօր՝ ապրիլի 28-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Միացյալ Հայաստան» կուսակցության հիմնադիր նախագահ, քաղաքապետի թեկնածու Երվանդ Թարվերդյանը։
«Ծրագրով իրենք պետք է 500 հազար ծառ տնկեին, բայց մենք տեսնում ենք, որ ծառերը կտրում են, նորն են տնկում։ Առողջ ծառը չի կարելի կտրել, եւ անգամ եթե ծառը հիվանդ է, պետք է բուժել։ Քաղաքապետարանը քաղաքի կառավարումը հասկանում է շինթույլտվությունների եւ ապօրինի կառույցները քանդելու մեջ։ Օրինակ՝ մենք այժմ Մատենադարանում ենք, որտեղ պատմության բազմաթիվ վկայություններ կան, բայց տարածքի աղտոտվածությանը նայեք, ե՞րբ է փոխքաղաքապետը եկել այս տարածք, ամոթ է, հետո ի՞նչ, որ այստեղ ժապավեն չկա կտրելու»,- ասաց Թարվերդյանը։
Երվանդ Թարվերդյանի խոսքով՝ մայրաքաղաքի լրջագույն խնդիրը կառավարումն է։ Այն ճիշտ ապահովելու համար թիմում պետք է ընդգրկել բարձր վարձատրվող պրոֆեսիոնալների, ոչ թե մարդկանց վճարել 100 հազար դրամ եւ ակնկալել, որ նրանք լավ կաշխատեն։
«Եթե մեր ուժը լինի քաղաքային իշխանությունում, ձգտելու ենք, որ երկուսից երեք անգամ աշխատակիցների աշխատավարձը բարձրանա։ Քաղաքի իշխանությունը պետք է լավագույն մասնագետներին ներգրավի կառավարման մեջ։ Ամբողջ աշխարհում պետական համակարգում աշխատելը պատիվ է, իսկ մեզ մոտ, ցավոք, բիզնես տրամաբանություն է։ Այդ սուրճ խմողների ինստիտուտը պետք է վերացնել»,- ընդգծեց Թարվերդյանը։











