Երեւանի ավագանու սպասվող ընտրություններում հաղթող չի լինելու, պետք է լինի կոնսոլիդացված ավագանի՝ առանց որեւէ քաղաքական ուժի մոնոպոլիայի։ Այս մասին այսօր՝ ապրիլի 28-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Միացյալ Հայաստան» կուսակցության հիմնադիր նախագահ, քաղաքապետի թեկնածու Երվանդ Թարվերդյանը։
«Քաղաքական մոնոպոլիան վտանգ է, այն անձին իրավունք է տալիս իր ուզածն անել։ Քաղաքի կառավարումը պետք է մեկ անձից կախված չլինի։ Մեր քաղաքական ուժի նպատակը ազգային գաղափարների շուրջ բոլորին համախմբելն է։ Մենք համագործակցելու ենք բոլորի հետ»,- ասաց Թարվերդյանը։
Երվանդ Թարվերդյանի կարծիքով՝ քաղաքում ճանապարհների կառավարման խնդիր կա։ Վատ կառավարման հետեւանքով են առաջանում խցանումները, Կենտրոնում մի շարք ճանապարհներ պետք է վերածվեն քայլելու գոտիների։
«Ո՞վ է ասում, որ պետք է լինեն ճանապարհներ մեքենաների համար։ Դրանք կարող են հատուկ հատկացված փոքր տարածքներ լինել ,օրինակ՝ շտապ օգնության կամ բարձրաստիճան պաշտոնյաներին տեղափոխող ավտոմեքենաների համար։ Ի միջի այլոց, շատ խցանումներ առաջանում են այն հետեւանքով, որ ճանապարհը փակում են պաշտոնյային անցկացնելու համար, որովհետեւ պաշտոնյաները վախենում են խցանումներով գնալուց։ Օրինակ՝ իմ թիմակիցներից մեկն ինձ պատմում է, որ Մասիվում մի քանի օր առաջ ահավոր խցանում էր առաջացել, որ Պաշտպանության նախարարն ազատ անցնի։ Այս ամենը միայն բացասական վերաբերմունքն է առաջացնում նրանց հանդեպ։ Դուխով եք՝ այսօր ժողովրդի մեջ քայլեք, մի թքեք ժողովրդի վրա, շփվեք ժողովրդի հետ»,- ասաց Երվանդ Թարվերդյանը։
Երվանդ Թարվերդյանի խոսքով՝ մայրաքաղաքի աղտոտվածությունը եւս ճանապարհների սխալ կառավարման հետեւանքն է։ Որոշ փողոցներում մեքնենաների շարժի արգելքը կնպաստի, որ օդը մաքրվի։ Մեր քաղաքը նախատեսված չէ այդքան շատ մեքենաների շարժն ապահովելու համար։
«Փոքր կենտրոնը շրջափակող մասում պետք է ավտոկայանատեղիներ կառուցել՝ օգտվելով Չինաստանի փորձից։ Չինաստանն օրերի ընթացքում քանդում-մաքրում է մի ամբողջ միկրոշրջան եւ հաշված ամիսների ընթացքում նոր, ժամանակակից քաղաք կառուցում։ Մենք ունենք Կոնդի հայտնի խնդիրը․ չեն կարողանում քանդել տարածքը, որովհետեւ մարդկանց բնակարանային կարիքները չեն կարողանում բավարարել։ Պետություն պետք է կարողանա բնակարանային խնդիրները լուծել։ Ինչո՞ւ մենք չենք ներգրավում Չինաստանին մեր քաղաքաշինական աշխատանքներում։ Եթե մեր քաղաքական ուժն առնվազն ազդեցիկ լինի ավագանիում, մենք խնդրելու ենք Չինաստանին անել փորձի փոխանակում, նաեւ օգնել խնդիրները կարգավորել»,- ընգծեց Թարվերդյանը։











