Միջանցքը պետք է բացվի եւ ադրբեջանական անցակետ չպետք է լինի. Հետաքրքիր է, որ մեր ժողովուրդն իշխանությանն ինչ ասես ասում է, բայց էլի սպասում են վերեւից մի զանգ լինի, հետո նոր դուրս գան 70 հազարանոց հավաք անեն: Այս մասին Facebook-ի իր էջում ուղիղ եթերում հայտարարեց Արցախի հեղափոխական կուսակցության ղեկավար Արթուր Օսիպյանը:

«Նոյեմբերին, դեկտեմբերին 70 հազարանոց հավաքներ են արել կառավարության կոչով, բայց իրենք խաբել են ժողովրդին, ստել են, չեն արել այն, ինչ պետք է անեին: Արել են ճիշտ հակառակ քայլերը:

Պետք է հավաքվել հրապարակում, այստեղ ոչ առաջնորդ կա, ոչ իշխանության հարցեր կան, ոչ պաշտոնի հարց կա: Ուղղակի 3-4 պայման կա, իրար հետ համաձայնեցնենք, դրանց վրա կանգնենք բոլորս միասին:

Ալիեւը հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանը պետք է հայտարարի, որ Արցախն Ադրբեջան է, դրան հանսելու մի ճանապարհ կա, ինքը մեզ էն օրն է գցելու, որ դուք եք խնդրելու, որ թող ասի, մենակ թե ճանապարհները բացվեն ու փրկվեք: Եթե մտածում եք, որ ինչ-որ տեղ ձեզ տեղ են տալու, Ֆրանսիայում տարածք են տալու, ոչ մի նման բան չի լինելու: Վրաններում եք քնելու: Եթե հարմարվեք, որ Արցախը կարելի է տալ, ձեր կյանքն այդտեղ էլ ավարտվելու է: Մենակ Արցախում է, որ արցախցի ենք ու ոչ մեկը չի ասում դրա համար աչքդ հանեմ: Ասում են՝ գնանք Ռուսաստան, էնտեղ մի ռուս պրապրշչիկից ձեր կյանքն է լինելու կախված: Մեր արժանապատիվ կյանքը միայն Արցախում կարող ենք ապահովել»,-ասաց նա:

Օսիպյանի խոսքով, հիմա էլ ուշ չի ոտքի կանգնելու համար. «Ուշը էն ժամանակ է լինելու, երբ թուրքը մտնի ձեր տուն: Անցակետից որ մարդկանց վերցնեն տանեն Բաքու, ոչ մի բան չեք կարողանալու անեք:  Ասում եք աշխարհը անտարբեր է, աշխարհը տեսնում է, որ էս մարդիկ իրենց պետականության համար չեն պայքարում, ուրեմն արժանի չեն պետություն ունենալու:

Դուրս եկեք ձեր արժանապատվության համար կանգնեք, որ մարդիկ տեսնեն, որ էստեղ մարդիկ կանգնում են: Անտարբերությունը այս պահին հանցագործություն է»,-ասաց նա: