Այսօր խանութներում ձեթեր կան, բանջարեղեն կա, որոնք մարդիկ այսօր առնում են, տանում տուն ու թափում: Այս մասին Արցախի Աժ-ում հայտարարեց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը:

«Շատ էժան է, ձեթը 650 դրամով է վաճառվում, բայց մարդիկ չեն կարողանում դա օգտագործել: Նույնը վերաբերում է բանջարեղենին, որ մարդիկ կամ թափել են, կամ տվել հավերին»,-ասաց նա:

Ի պատասխան Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը նշել է. «Այստեղ երկու խնդիր կա, առաջին, այն տենդերային կոչվող համակարգը, որը գործում էր ապրանքների Հայաստանից Արցախ ձեռքբերման եւ ներկրման հետ կապված, կյանքը ցույց տվեց, որ այդ համակարգով ձեռք է բերվում ոչ թե հնարավորինս էժան եւ որակյալ ապրանք, այլ հնարավորինս անորակ եւ էժան ապրանք: Մենք դրանից հրաժարվեցինք: Այս շաբաթվա ընթացքում փոխեցինք մոտեցումը՝ եւ գնի, եւ որակի համար պատասխանատվությունը վերցնելով պետության վրա:

Այն, որ խանութներում հայտնվում է անորակ միրգ եւ բանջարեղեն, պարզ բացատրություն ունի. նախկինում Արցախ ներկրվող ապրանքի մի մասը կորցնում էր իր որակական հատկությունները եւ սպառողը դա չէր գնում: Հիմա մենք բերում ենք խիստ սահմանափակ քանակի ապրանք եւ այդ պայմաններում մենք չենք կարողանում նախ հսկողական այդպիսի գործառույթ իրականացնել, բոլոր որակական հատկանիշները ստուգել, եւ երկրորդը, ապրանքը իրացման կետեր հասցնել եւ իրացնել: Որոշակի ժամանակ է անցնում եւ ունենում ենք նաեւ ապրանքի որակական հատկանիշների փոփոխություն»:

Պետնախարարը նաեւ հավելեց, որ այս պահին այդ խնդիրն այլեւս օրակարգային չէ, որովհետեւ մրգերի եւ բանջարեղենի ձեռքբերման, Արցախ տեղափոխելու եւ իրացնելու ողջ պատասխանատվությունը ստանձնել է պետությունը. «Խնդիրը կարծում եմ՝ որոշակիորեն ուռճացված է, որովհետեւ անորակ ապրանքի շուկայում հայտնվելը դեռեւս չի նշանակում, որ մինչ Արցախը շրջափակելը շուկայում որեւէ տեղ անորակ ապրանք չի եղել: Ուղղակի այն ժամանակ ընտրություն կատարելու հնարավորություն ենք ունեցել, հիմա չունենք»,-հավելեց նա:

Հարցին, թե արդյոք այդ անորակ ապրանքները հավաքվում են խանութներից, Գուրգեն Ներսիսյանը պատասխանեց. «Այն ապրանքները, որոնք ձեռք չեն բերվի, կմնան խանութներում»: