Ավտոմեքենայով Իրան–Հայաստան սահմանը հատելն իսկական փորձություն է դառնում, Իրանի հատվածում անցումը տևում է մոտ 1 ժամ, Հայաստանի հատվածում` 3-5 ժամ։ Այս մասին, այսօր՝ մայիսի 3-ին, ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը՝ հավելելով, որ այս խնդրով կառավարությանը դիմում է իրանահայության և Իրանի քաղաքացիների փոխանցած խնդրով։

«Մաքսատունը կեղտոտ է, չկա նորմալ զուգարան, աշխատակիցները կոպիտ են, գռեհիկ, մարդատար ավտոմեքենաներն ու բեռնատարները նույն հերթի մեջ են։ Եթե Իրանից Հայաստան մտնող մեքենան ունի տուգանք, որի մասին չի իմացել, ստիպված է մեքենան թողնել, մոտ 2 կմ ոտքով քայլել, եթե բանկի աշխատակիցը վճարումն ընդունի, կվճարի, եթե ոչ, չի վճարի, տերմինալ չկա։ Ամբողջ տարածքում վայրի, կատաղած շներ են։ Չկա որևէ նշան, բացատրություն, հատկապես հայերեն չիմացող մարդկանց համար, թե ինչ պետք է անել, աղբաման չկա, ջուր չկա։ Կարդում եմ և ամաչում եմ, թե ինչ են գրել։ Ասում են` կարո՞ղ է այդպես եք անում, որ Հայաստան չգանք»,– հարցը փոխանցեց Նազարյանը։

Պատգամավորի բարձրաձայնած հարցին որոշեց պատասխանել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա նշեց` խնդիրների մի մասն իրենք էլ են արձանագրել, դրա համար էլ որոշում են կայացրել Մեղրիում նոր մաքսակետ կառուցել Եվրամիության աջակցությամբ։

«28 միլիոն դոլարի ներդրումային ծրագիր ենք իրականացնում, որ ֆունդամենտալ լուծենք այս խնդիրը»,– նշեց Փաշինյանը։

Նա տեղեկացրեց, որ մրցույթն արդեն անցկացվել է, հաղթող էլ կա, շուտով արդեն կներկայացվեն ծրագրի մանրամասները: