Կարող ենք ասել, որ Թուրքիան նախապայմաններ է դնում Հայաստանի առաջ հարաբերությունները կարգավորելու համար: NEWS.am-ի հետ զրույցում ասաց թյուրքագետ վարուժան Գեղամյանը՝ անդրադառնալով Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուի այն հայտարարությանը, որ Թուրքիան փակել է իր օդային տարածքը ի պատասխան Երեւանում Նեմեսիս հուշարձանի տեղադրմանը:

«Դա լրիվ համապատասխանում է այն իրողությանը, որը ձեւավորվել է 2020 թվականից հետո: Թուրքիայի Հանրապետությունը տեսնելով, որ Հայաստանի դե ֆակտո իշխանությունների կողմից չկա կամք դիմադրելու թուրքական պահանջներին,ըստ էության ավելացնում է այն նախապայմանները, որոնք որ կոչված են Հայաստանի հետ ոչ թե բարիդրացիական, խաղաղ հարաբերություններ հաստատելուն, այլ իրականում կոչված են Հայաստանից այնպիսի զիջումներ կորզելուն, որոնք թույլ չեն տալիս հայկակական պետականությանը շարունակել ինքնուրույն գոյություն ունենալ այս տարածաշրջանում»,- ասաց նա՝ նշելով, որ սա պատրվակներից մեկն է:

Գեղամյանը նշեց, որ սա թուրքական հետեւողական քաղաքականությունն է հայկական զգային պետության թուլացման եւ վերջում վերացման ուղղությամբ:

«Սրա մասին անթաքույց են խոսում, հետեւաբար «Նեմեսիս» արձանի տեղադրումը ընդամենը պատրվակ էր, այդ պատրվակը պատահական չէ հիմա օգգտագործվել, այն համընկնում է հիմա ընթացող այսպես կոչված բանակցություններին, իրականում կապիտուլյացիոն երկրորդ փաստաթղթի ստորագրմանըՄիացյալ նահանգներում, որն ուղիղ շաղկապված է հայ-թուրքական հարաբերությունների կամ հայ-թուրքական հակամարտության հետ: Դրա միջոցով եւս հավելյալ ճնշում են գործադրում ՀՀ-ի վրա, նպատակը հնարավորինս շատ բան կորզելն է»,-ասաց նա:

Թյուրքագետի համոզմամբ՝ Թուրքիայի նպատակն է՝ Հայաստանը հրաժարվի ոչ միայն ցեղասպանության հարցի բարձրացումից, այլ նաեւ պետության հիմք ծառայող ամբողջ ինտիտուցիոնա բազայից՝ բանակից, Արցախից, Սփյուռքից, եկեղեցուց եւ Հայոց ցեղասպանության հարցից:

«Այսօր մենք տեսնում ենք, որ դրանց վերացման ուղղությամբ հետեւողական աշխատանք է տարվում, թե թուրքական կողմից, թե ցավոք սրտի, ՀՀ դե ֆակտո իշխանությունների կողմից»,-հավելեց նա: