Հայաստանը մեծապես կարեւորում է Չեխիայի հետ հարաբերությունների շարունակական զարգացումն ու ամրապնդումը, ինչի համար առկա են բոլոր նախադրյալները: Այս մասին, այսօր՝ մայիսի 4-ին, Պրահայում Չեխիայի վարչապետ Պետր Ֆիալայի հետ համատեղ ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մեր ժողովուրդների ընդհանուր արժեհամակարգի վրա հիմնված  բարեկամական  հարաբերությունները հետեւողական աշխատանքի շնորհիվ  շարունակում են խորանալ ու ամրապնդվել:

Այսօր ես եւ Չեխիայի վարչապետը կառուցողական մթնոլորտում ունեցել ենք բավական բաց եւ հագեցած քննարկումներ, որոնք ներառում են երկկողմ համագործակցության ամենատարբեր ոլորտներ:

Անդրադարձել ենք նաեւ անվտանգային ու տարածաշրջանային նշանակության հարցերի:

Բարձր եմ գնահատում մեր երկու երկրների միջեւ առկա համագործակցությունն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափերում, այդ թվում Հայաստան-ԵՄ գործընկերության համատեքստում, ինչպես նաեւ Չեխիայի գործուն մասնակցությունը այդ հարաբերությունների զարգացմանը:

Հայաստանն ու Չեխիան ունեն սերտ փոխգործակցության համար անհրաժեշտ իրավական արդյունավետ գործիքակազմ, առկա են երկկողմ համագործակցության խորացման անհրաժեշտ նախադրյալները»,-ասաց Փաշինյանը: