Հայ ազգի վախճանը սկսվեց մեր պետական համակարգի կործանմամբ։ Այս մասին «Բեկում. 2018-2023 թթ. Հայաստանը եզրին է» խորագրով համաժողովի ժամանակ իր ելույթի ժամանակ ասաց քաղաքագետ Արթուր Խաչիկյանը։

«Ինչ տեղի ունեցավ մոտ հինգ տարի առաջ։ Հինգ տարի առաջ մեզ ոգեւորեցին, եւ պետք է խոստովանեմ, որ, այո, ես էլ 2-3 օր ոգեւորվեցի՝ մտածելով, որ ինչ-որ լավ բան է լինելու»,-նշեց փորձագետը։

Խաչիկյանի խոսքով՝ արտաքին քաղաքականության մեջ առաջ են քաշվել մի քանի թեզեր՝ կա «լավ աշխարհ»՝ ազատ, իդեալական Արեւմուտքը, եւ կա «վատ աշխարհ»՝ մեր հյուսիսային դաշնակիցը, եւ մենք «վատ աշխարհից» պետք է անցնեինք «լավի»։

Նա ընդգծեց, որ այդ անցումը պետք է իրականացվեր Արցախը՝ մեր ժողովրդի մի մասը, հանձնելու եւ մեր դաշնակից Ռուսաստանից հրաժարվելու ճանապարհով:

«Հինգ տարի է անցել։ Հարց՝ որտե՞ղ է գտնվում Արեւմուտքը, որտե՞ղ է այդ «լուսավոր», «պայծառ» աշխարհը: Եվ մենք հիմա պատրաստվում ենք թերթել Հայոց ցեղասպանության հաջորդ էջը։ Այսինքն ՝ ակնհայտ է, որ հիմա բոլորը տեսնում են, որ 120 000 մարդ կարող է ենթարկվել տեղահանման եւ ցեղասպանության»,-նշեց նա՝ հավելելով, որ այդ «լուսավոր» աշխարհը գտնվում է Բաքվում, ուր վերջին շրջանում ձգտում են եվրոպական առաջնորդները, որոնք Բաքվին անվանում են իրենց ռազմավարական դաշնակիցը։