Հայաստանն առաջին հետխորհրդային երկիրն է, որտեղ անցկացվում է «Հեղուկ բյուրեղների օպտիկա» 14-րդ թեմատիկ համաժողովը (ֆոտոռեպորտաժ): 

Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց միջազգային կոնֆերանսի կազմակերպիչներից մեկը` ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի օպտիկայի ամբիոնի վարիչ, ֆիզիկա-մաթեմաթիկական գիտությունների դոկտոր Ռաֆիկ Հակոբյանը: 

Հերթական կոնֆերանսը Հայաստանում անցկացնելու որոշումը կոնֆերանսի խորհրդատվական խորհուրդը ընդունել է 2010 թվականին: Այդ որոշումով ճանաչվել է հայ մասնագետների ներդրումը գիտության այս ոլորտում: Հակոբյանը նկատեց, որ կոնֆերանսն անցկացնելու իրավունքի համար Հայաստանի հետ մրցակցել են Բելգիան ու Հոնկոնգը:  

Կոնֆերանսին մասնակցում են մոտ 130 գիտնականներ աշխարհի բոլոր զարգացած երկրներից: Հայաստանի գիտնականների եւ ուսանողների հետ մասնակիցների թիվը հասնում է 170-ի: Օտարերկրյա մասնակիցների մեջ են համաշխարհային կենտրոնների` համալսարանների, ԱՄՆ ռազմաօդային ուժերի լաբորատորիայի ներկայացուցիչներ:

Կոնֆերանսն արդեն ունի 25 տարվա պատմություն: Այն անցկացվել է Ֆրանսիայում, Գերմանիայում, Իտալիայում, ԱՄՆ-ում եւ այլ զարգացած երկրներում: Նախկին սոցիալիստական երկրներից կոնֆերանսն անցկացվել է միայն Հունգարիայում:

Հայաստանում կոնֆերանսի կազմակերպումը կնպաստի հայ մասնագետների եւ զարգացած երկրների կենտրոնների միջեւ կապերի ընդլայնմանն ու նոր կապերի ստեղծմանը, կխրախուսի երիտասարդների հետաքրքրությունը գիտության նկատմամբ, նշեց Հակոբյանը:

Կոնֆերանսում ներկայացված են օպտիկայի եւ հեղուկ բյուրեղների ֆիզիկայի ոլորտներում նոր, հետաքրքիր նվաճումներ, որոնք ունեն ֆունդամենտալ եւ կիրառական նշանակություն: