Ջանքերը պետք է նպաստեն այն պայմանավորվածությունների իրականացմանը, որոնք ամրագրվել են մեր ղեկավարների հայտնի հայտարարություններում, սա մեր սկզբունքային, հայեցակարգային դիրքորոշումն է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում մայիսի 9-ին ասել է Հայաստանում Ռուսաստանի Արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
Նրա խոսքով՝ հենց դրանց հիման վրա է Ռուսաստանն աշխատում՝ շատ ակտիվ ջանքեր գործադրելով, որպեսզի այդ գործընթացն առաջ ընթանա։ «Հենց սրանում ենք մենք տեսնում այն բանի երաշխիքը, որ թեժացում չի լինի, որ կողմերը համաձայնության կգան, որը կբխի Հարավային Կովկասի բոլոր երկրների եւ ժողովուրդների շահերից»,- նշել է դեսպանը։
Նա հավաստիացրել է, որ Ռուսաստանը շատ ակտիվ ջանքեր է գործադրում, մշտապես շփման մեջ է կողմերի հետ, ակտիվորեն առաջ է մղում խաղաղ օրակարգը եւ միջնորդական ջանքեր է գործադրում։ «Մենք աշխատում ենք կողմերի հետ, որպեսզի ազդակ հաղորդենք աշխատանքին կարգավորման բոլոր ձեւաչափերում՝ նկատի ունենալով տարածաշրջանում տնտեսական եւ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման գծով եռակողմ խմբին, խաղաղության պայմանագրի կնքումը, սահմանազատումը։ Ռուսաստանը բազմիցս ասել եւ նորից կրկնում է, որ մենք պատրաստ ենք ցուցաբերել խորհրդատվական աջակցություն այս հարցում։ Մենք նաեւ կողմ ենք երկխոսության ակտիվացմանը երեք երկրների հանրային շրջանակների, խորհրդարանականների միջեւ»,- ընդգծել է Կոպիրկինը։
Դիվանագետն ավելացրել է, որ աշխատանք է տարվում մշտապես՝ հույս հայտնելով, որ այդ ջանքերն արդյունավետ կլինեն։











