Մենք չգիտենք՝ ինչի մասին են բանակցում Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանությունները. Ես չեմ հավատում, որ այս փուլում ինչ-որ թուղթ կստորագրվի: Այս մասին, այսօր՝ մայիսի 9-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը:
«Նիկոլ Փաշինյանն անում է ամեն ինչ, ցանկացած քայլի գնում է՝ իր իշխանությունը պահելու համար: Փաստաթուղթ ստորագրելուց կա վտանգ, որ հանրությունը դուրս կգա փողոց և իր իշխանությանը վտանգ կսպառնա, ուստի Նիկոլ Փաշինյանն այս փուլում առանց թուղթ ստորագրելու իրականացնում է ադրբեջանցիների պահանջները: Տեղ գյուղում տեղի ունեցածը դրա վառ օրինակն է։ Ինչ-որ մի օր իմացանք, որ ՀՀ ԶՈՒ կողմից պահպանվող տարածքից հայկական ուժերը դուրս են եկել, և առանց մարտերի այդ տարածքը զբաղեցրել են ադրբեջանական զինված ուժերը։ Փաստացի զբաղեցրել են ՀՀ սուվերեն տարածքը:
Դրանից հետո ազատվեց ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարը եւ փորձեցին ասել, որ թերացել է այդ պաշտոնյան, երբ պետք է փոփոխվեին ԶՈՒ ստորաբաժանումները սահմանապահ զորքերի ստորաբաժանումներով: Ինչ-որ մեկը հարց չի տալի՞ս. Եթե ինչ-որ պահի դատարկ են մնացել այդ հատվածները, այդ դիրքերը, սահմանապահ զորքերի մեղավորություն այստեղ որտե՞ղ էր: Սահմանապահ զորքերին ասել են՝ այսինք օրը կգնաք, կփոխարինեք ԶՈՒ ստորաբաժանումներին: Նրանք գնացել են, տեսել են՝ արդեն այդ վայրում նստած են ադրբեջանցիները, ԶՈՒ-ից որեւէ մարդ չկա»,-ասաց Վանեցյանը:
Նա հիշեցրեց, որ դրանից հետո ասվել է, որ թերացել ենք այս հարցում. «Ե՞վ, իսկ ո՞վ պետք է պատասխան տա այդ թերացման համար, որի հետեւանքով օկուպացվել է ՀՀ սուվերեն տարածքը, դրանից երկու օր հետո հետո ունեցել ենք զոհեր: Թերացել եք, գնացեք գլուխներդ պատներով տվեք»,-ընդգծեց Վանեցյանը:











