Մայիսի 12-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ և տեսակցել Սոթքի ուղղությամբ ադրբեջանական սադրանքի հետևանքով վիրավորում ստացած զինծառայողներին:

Պաշտպանության նախարարին ներկայացվել է նրանց առողջական վիճակը և բուժման ընթացքը:

Նախարար Պապիկյանը վիրավորում ստացած զինծառայողներին մաղթել է շուտափույթ ապաքինում:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մայիսի 11-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները ժամը 06.00-ից հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները ձեռնարկում են համապատասխան պաշտպանական-կանխարգելիչ միջոցառումներ: Հայկական կողմն ունի 4 վիրավոր:

Ժամը 10-ի դրությամբ Սոթքի ուղղությամբ լարվածությունն էականորեն նվազել է: