Հայաստանը դրական է գնահատում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության գործունեությունը երկրում։ Այս մասին այսօր՝ մայիսի 12-ին, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը:

Հարցին՝ ինչո՞վ է պայմանավորված ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության պասիվությունը Գեղարքունիքի մարզի մարտական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական զինուժի հերթական սադրանքների ֆոնին, փոխնախարարն ասաց. «Ադրբեջանական սադրանքների վերաբերյալ ԵՄ դիտորդները չէին էլ կարող որեւէ արձագանք տալ։ Նրանց դերակատարումն է զեկույցներ պատրաստել Բրյուսելի եւ ԵՄ անդամ երկրների համար։ Նրանց խնդիրն է պարբերաբար այցելել սահմանի բոլոր հատվածները։ Ես կարող եմ նշել, որ նրանց ներկայությունն արդեն իսկ ներդրում է իրավիճակը բարելավելու գործում։ Դա ստեղծում է հոգեբանական առումով ավելի ապահով մթնոլորտ, եւ այդ մասով առաքելությունն ամբողջությամբ կատարում է իր մանդատը»:

Հիշեցնենք, որ փետրվարի 20-ից Հայաստանում 2 տարվա մանդատով 100 հոգուց բաղկացած եվրոպական առաքելություն է տեղակայվել։