Նույնիսկ Էրդողանի իշխանության պահպանման դեպքում Թուրքիայի արտաքին քաղաքական ակտիվությունը կնվազի ներքին հսկայական խնդիրների եւ հատկապես երկրաշարժի գոտում սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակի ֆոնին: Այս մասին NEWS.am-ի «Ուժի գործոն» հաղորդման եթերում ասել է Արցախի ԱԳ նախկին նախարար Կարեն Միրզոյանը։
Նրա գնահատմամբ՝ դա բացասաբար կանդրադառնա Ադրբեջանի դիրքերի վրա։
«Ալիեւը հասկանում է այդ սպառնալիքը, հասկանում է, որ Անկարայի պասիվությունը կուժեղացնի տարածաշրջանում այլ խաղացողների ակտիվությունը, ինչը չի տեղավորվում նրա շահերի մեջ։ Խոսքը Ռուսաստանի, Իրանի եւ եվրոպական երկրների մասին է»,-նշեց նա։
Միրզոյանը կարծում է, որ Թուրքիայում իշխանափոխությունը կհանգեցնի նրան, որ ադրբեջանա-թուրքական հարաբերություններն այլեւս նույնը չեն լինի, քանի որ այդ հարաբերություններն այսօր կառուցված են Էրդողանի եւ Ալիեւի անձնական հարաբերությունների վրա։ Միեւնույն ժամանակ, Թուրքիան շարունակելու է քայլեր ձեռնարկել Հարավային Կովկասում իր ազդեցությունն ընդլայնելու ուղղությամբ։ Ինստիտուցիոնալ առումով Հայաստանի հետ առճակատում եղել է, բայց միայն Էրդողանի օրոք է այն բաց բնույթ ստացել։
Նախկին նախարարը հավելեց, որ Հայաստանն այդ ուղղությամբ պետք է քայլեր ձեռնարկի, աշխատի ընդդիմության հետ, հատկապես հաշվի առնելով, որ այնտեղ ներկայացված են մարդիկ, որոնք ներգրավված են եղել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացներում:
«Ներկայիս այսպես կոչված հարաբերությունների կարգավորման գործընթացն անիմաստ է, քանի որ այն անհնար է այն դեպքում, երբ կողմերից մեկը երրորդ երկրի հետ կապված նախապայման է ներկայացնում։ Թուրքական լրատվամիջոցներում գերակշռում է միայն ադրբեջանական կարծիքը, հայկական դիրքորոշումը գրեթե ներկայացված չէ։ 10 տարի առաջ այդ ներկայացվածությունն ավելի լայն էր»,-նշեց Միրզոյանը։
Նրա գնահատմամբ՝ Թուրքիայում ընդդիմության իշխանության գալու դեպքում դրական դինամիկա կնկատվի Արեւմուտքի հետ հարաբերություններում, Անկարան ավելի կանխատեսելի կդառնա Արեւմուտքի համար: «Ինչ վերաբերում է Ռուսաստանի հետ հարաբերություններին, ապա այսօր կարեւոր դեր են խաղում Էրդողանի եւ Պուտինի անձնական հարաբերությունները։ Ուստի իշխանափոխությունը կհանգեցնի Անկարայի եւ Մոսկվայի հարաբերությունների սառեցմանը»,-եզրափակեց նա։











