Որեւէ հայեցակարգված գործընթաց, թե մեր արտաքին դիվանագիտական մարզում, թե անվտանգության խնդիրները լուծելու առումով, մենք պարզապես չունենք: Այս մասին, այսօր՝ մայիսի 16-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը:
«Այս իրարամերժ հայտարարությունները խոսում են այն մասին, որ ուղեգիծ չկա, հայեցակարգ չկա, որով մենք փորձենք մեր անվտանգությունն ապահովել եւ մեր շահերը պաշտպանել արտաքին հարաբերություններում»,-ասաց նա:
Անդրադառնալով նրան, որ Հայաստանը ցանկություն է ունեցել 2022-ի սեպտեմբերյան իրադարձություններից հետո դուրս գալ ՀԱՊԿ-ից, սակայն հետո փոշմանել է, Ռուստամյանն ասաց. «Նախ չի կարելի մի բանի մասին հայտարարել, եթե գործը կատարված չէ: Սա էլեմենտար տրամաբանություն է: Ի՞նչ իմաստ ունի այդ խոհանոցը դուրս հանել, երբ դուրս չեք եկել ՀԱՊԿ-ից: Կամ դուրս եկեք եւ բացատրեք, թե ինչու եք դուրս գալիս, կամ մնացեք ՀԱՊԿ-ում եւ օգտագործեք բոլոր նվազագույն հնարավորությունները, որ ՀԱՊԿ –ը կարողանա մեր անվտանգության հարցերը լուծել»:
Դիտարկմանը, որ գուցե դրանով սպառնո՞ւմ են ՀԱՊԿ-ին, որ դուրս կգանք, ընդդիմադիր պատգամավորը նկատեց. «Հանրային միջոցներով սպառնալը հարված է մեզ, այսինքն մենք փչացնում ենք մեր հարաբերություններն այդ կառույցի մեջ: Մենք դառնում ենք անվստահելի գործընկեր եւ դրանից բխում են բոլոր սպառնալիքները, վտանգները, որոնք օր օրի մեր երկրի նկատմամբ առաջանում են: Այս ձեւով աշխատել չի կարելի»:











