Արեւմուտքը, առաջին հերթին ԵՄ-ն, ուղիղ կապեր է պահպանում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, իսկ դա նշանակում է, որ Հայաստանը մենակ է մնում իր թշնամու հետ։ Սա պարտության բանաձեւն է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Արթուր Աթանեսյանը։
Նրա գնահատմամբ՝ Ռուսաստանը՝ ի տարբերություն եվրոպական կողմի, աջակցում է միջնորդական բանակցություններին։
«Նման մոտեցումը Հայաստանին ավելի ձեռնտու կլիներ։ Մոսկվան առաջարկել է հետաձգել Արցախի կարգավիճակի հարցի լուծումը, եւ այդ կոչն ուղղված է եղել հենց Հայաստանին։ Եթե մենք դրանից հրաժարվեցինք Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ առճակատման պայմաններում, ուրեմն Երեւանը հակառուսական եւ հակահայկական մոտեցում ունի։ Որքան Հայաստանը վնասում է Ռուսաստանի հետ հարաբերություններին, այնքան Երեւանն ինքն իրեն է վնասում։ Մենք այդ իմաստով պետք է մտածենք մեր մասին։ Ինչո՞ւ չստանալ Մոսկվայի աջակցությունը Արցախի հարցում։ Ռուս-հայկական համագործակցության միջոցով բազմաթիվ հարցեր են լուծվել, այդ թվում՝ ռազմաքաղաքական բնույթի»,-նշեց Աթանեսյանը։
Փորձագետը հավելեց, որ Հայաստանում ռուսական բազայի եւ Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների առկայությունը զուտ սիմվոլիզմ է եւ ծառայում է որպես ներկայության ցուցադրում:
«Ինչո՞ւ այդ ներկայությանը ֆունկցիոնալություն չտրվի, չաջակցվի։ Ինչո՞ւ ենք շտապում հանձնվել: Մենք ունենք վերականգնվելու բոլոր հնարավորությունները։ Մենք շատ բան ենք կորցրել, բայց շատ բան դեռ ունենք»,-կարծում է քաղաքագետը։











