Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն առանց Նիկոլ Փաշինյանի համաձայնության չէր կարող այդ հայտարարությունն անել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Սահակյանի հայրը՝ Վահիդ Սահակյանը՝ անդրադառնալով նրան, որ Բրյուսելում բանակցություններից հետո հայտարարվեց, որ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը:
«Մենք գիտեինք, որ այդ ծանր պահը գալու է, քանի որ Նիկոլը ամիսներ առաջ հայտարարեց՝ ես պատրաստ եմ ստորագրել մի փաստաթուղթ, որով կճանաչվի Հայաստանի տարածքային ամբողջականությունը 29 800 քառակուսի կմ տարածքով: Նա ասում էր, որ թեկուզ իրեն դավաճան ասեն, ինքը պատրաստ է այդ թուղթը ստորագրելու:
Չեն ասում, որ 1991-ին, երբ Ադրբեջանն անկախացել է, դա եղել է Արցախի անկախության հռչակումից հետո: Այսինքն Արցախը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում»,-ասաց Վահիդ Սահակյանը:
Նա հիշեցրեց, որ Նիկոլ Փաշինյանը 2022 թվականի ապրիլի 13-ին ԱԺ-ում հայտարարեց, որ կարող էր կանխել պատերազմը, կունենայինք նույն վիճակը, սակայն առանց զոհերի. «Հարցնում են՝ ինչու այդ հողերը չես տվել առանց զոհերի, ասում է՝ ինձ կասեին դավաճան: Հիմա եւ զոհերն է տվել, եւ հողերն է տվել եւ առ էսօր հողերը տալիս է: Ի՞նչ որակում տաս այդ մարդուն՝ եռակի դավաճան, ազգադավ, թե ինչ:
Եթե մենք այսօր կորցրեցինք Արցախը, Սյունիքը կամա, թե ակամա կորցնելու ենք: Իսկ եթե կորցրեցինք Սյունիքը, հայ ազգը լինել-չլինելու հարցի առաջ է կանգնելու: Ես չգիտեմ՝ ով բերեց այս խուլիգանին դրեց մեզ ղեկավար եւ մինչ օրս հայ ազգը հանդուրժում է նրան: Ես համոզված եմ, որ արցախցին երբեք չի համակերպվելու այս ամենի հետ, նրանք այսօր էլ պատրաստ են պայքարի»,-ընդգծեց զոհվածի հայրը:
Հարցին, թե իր կարծիքով որն է լինելու իշխանությունների հաջորդ քայլը, Վահիդ Սահակյանը պատասխանեց. «Եթե 1-2 օր սպասենք, Նիկոլն ինքը ասելու է հաջորդ քայլն ինչ է լինելու: Ես չգիտեմ՝ իր մտքին ինչ կա, բայց մի քանի օր առաջ ինքը ասելու է հաջորդ քայլը եւ որոշ ժամանակ հետո իր այդ մտքերն իրականացնելու է:
Ժողովուրդը պետք է օր առաջ ոտքի կանգնի եւ գահընկեց անի Նիկոլ Փաշինյանին: Ինքն իր բոլոր արարքների համար պետք է պատասխան տա: Նա բոլոր ոլորտներում ձախողվել է՝ սկսած արտաքին քաղաքականությունից, երկրի ներսից վերջացրած կոռուպցիոն հանցագործություններով»:











