ՀՀ կառավարությունը պատկերացնում է, թե ինչ մոդելով պետք է վերահսկվի Նախիջևանից Ադրբեջան երկաթգիծը, եթե այն բացվի։ Այս մասին այսօր՝ մայիսի 17-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Նշենք, որ օրեր առաջ բրյուսելյան բանակցություններից հետո Եվրոպական խորհրդի նախագահ Շառ Միշելը հայտարարեց, որ Հայաստանը և Ադրբեջանը համաձայնվել են Նախիջևանով երկաթգծի վերագործարկման հարցում դիմել Համաշխարհային մաքսային կազմակերպության աջակցությանը։

«Վրաստանի և Աբխազիայի այդ հատվածում նույն տիպի կարգավորում էր նախատեսվում, և աշխարհում հայտնի ընկերություններից մեկը պետք է այն վերահսկեր։ Դա շվեյցարական ընկերություն էր, բայց կան նաև ֆրանսիական և մի շարք այլ ընկերություններ, որոնց տրված փաստաթղթերը մեծ վստահություն են վայելում ամբողջ աշխարհում»,–ասաց Քերոբյանը։

Նա ներկայացրեց, որ ըստ այդ վերահսկման մոդելի` Աբխազիայի ելքի և մուտքի հատվածներում պետք է այդ ընկերության զննման կետեր դրվեին, որոնք պետք է փոխարինեին մաքսատան ֆունկցիային։

Նախարարը նշեց, որ թեպետ այդ միջոցը Աբխազիայի դեպքում չի աշխատել, սակայն պատկերացում է տալիս, թե ինչ մոդելով կարող է այդ երկաթգիծը հսկվել։

«Ընդհանրացնելով պետք է ասել, որ, անշուշտ, ցանկացած տիպի ենթակառուցվածքների զարգացմանը մենք կողմ ենք, որովհետև Հայաստանը ենթակառուցվածքների առումով բավական մեծ պոտենցիալ ունի: Չնայած մենք մասշտաբային ներդրումներ ենք անում ենթակառուցվածքների մեջ, բայց հաշվի առնելով, որ նախորդ 30 տարում ենթակառուցվածքներում համարժեք ներդրումներ չեն արվել եւ չեն զարգացվել  ընդհանուր մեր ենթակառուցվածքները, մենք հիմա խոշոր ներդրումների կարիք ունենք եւ կառավարությունը շտապում է այդ բոլոր ուղղություններով մեծ ներդրումներ անել եւ անում է»,–ընդգծեց Քերոբյանը՝ հավաստիացնելով, որ աշխատող հաջող մոդելներ աշխարհում շատ կան:

Հիշեցնենք, որ Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երկաթուղու կառուցման աշխատանքների մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել Սոչիում և Բրյուսելում Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպումների ժամանակ: Այս երթուղով Ադրբեջանը երկաթուղային կապ է ստանում Նախիջևանի հետ: