Եվրամիությունն ընդամենը փորձում է խափանել օրակարգը, վերագրել ինչ-որ արդյունքներ Հայաստանի եւ Ադրբեջանի բանակցությունների համատեքստում, բայց այդ արդյունքները դեռ չկան։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Բրյուսելում Եվրախորհրդի ղեկավարի մասնակցությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը։

Նրա խոսքով՝ ո՛չ Եվրամիությունը, ո՛չ ԱՄՆ-ն չեն ցանկանում հիշատակել հիմնարար փաստաթղթերը, խաղաղ նախաձեռնությունները, որոնք մշակվել են Ռուսաստանի մասնակցությամբ եւ սկսել են իրագործվել եւ արդյունքներ տալ: «Տրամաբանությունը, որ ոչ ոք իրավունք չունի առաջնահերթության, միանգամայն արժանի դրական գնահատականի, բացի բացառիկությունից, ամբողջ միջնորդությունը դարձնում է ոչ թե միջնորդություն, այլ ավելի շատ ապակառուցողական գործունեություն»,-ասել է նա։

Զախարովայի գնահատմամբ՝ կառուցողական եւ իրական արդյունքներ չկան։ «Կարելի է դա անվանել, ինչպես հարմար է, բայց գործնական քայլեր չկան։ Այստեղից էլ բխում է Մոսկվայի աջակցությամբ մշակվածը հիշատակելու ցանկության բացակայությունը։ Դա չի նշանակում, որ մենք ըստ արժանվույն չենք գնահատի այն քայլերը, որոնք իսկապես կհանգեցնեն ինչ-որ կառուցողական արդյունքների։ Միշտ, երբ ստացվում է ինչ-որ ճիշտ քայլ անել, որը տանում է դեպի  կարգավորում, հանդարտեցում, Ռուսաստանը նշում է դրական միտումը։ Առայժմ գնահատելու ոչինչ չկա, առայժմ տեսնում ենք օրակարգը խափանելու, ինչ-որ արդյունքներ վերագրելու բացահայտ ցանկություն»,-ասել է Զախարովան։